Երևանն ու Բաքուն Եվրախորհրդի առջև պարտավորվել են ԼՂ հակամարտությանը խաղաղ լուծում տալ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

ԵԽ

 Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություններ ունեն Եվրոպայի խորհրդի առջև՝ իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։

 «Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջև հանձնառություն են ստանձնել հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով և երկու երկրները նաև պարտավոր են պահպանել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այդ տարածքում մարդու իրավունքների պահպանումը կենսական կարևոր և իրավական պարտավորություն է», - ասել է նա։

 Ըստ Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ անկախ քաղաքականությունից, այնտեղ ապրող մարդիկ պետք է ակնկալեն մարդու նույն իրավունքները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը, ինչ Եվրոպայի ցանկացած այլ բնակիչ․

«Ազգային իշխանությունները պարտավոր են ապահովել դա։ Եվ Եվրոպայի խորհուրդը պետք է անարգել մուտք ունենա այդ տարածքներ, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավիճակը և հնարավորինս օգնել»։  

ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտությունների և տարածքային վեճերի կարգավորումը չի մտնում կազմակերպության լիազորությունների մեջ: Միաժամանակ ընդգծել է, որ մարդու իրավունքների պահպանման խնդրի կարգավորումը դարձրել է այդ պաշտոնում իր մանդատի առաջնահերթություններից մեկը։

 Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ