Չեխիայի հայերն ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել երկրի խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ. Չեխիայի հայ համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի վիճակի մասին։ Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Հակոբ Ավետիսյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան։

«Կազմակերպեցինք առցանց ստորագրահավաք, որը 3 օրում հավաքեց մոտ 3 հազար ստորագրություն։ Այնուհետև կազմակերպվեց ստորագրահավաք հենց թղթի վրա, որպեսզի ուղարկվի չեխական խորհրդարան, որպեսզի անցնի քննարկման, և մենք հույս ունենանք, որ Չեխիան վերջապես իր ձայնը, իր խոսքը կհայտնի օբյեկտիվորեն այն մասին, թե ինչպիսի ագրեսիայի է ենթարկվում Արցախի հայ ժողովուրդը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ավետիսյանը։

Հայ համայնքի ներկայացուցչի խոսքով՝ Չեխիայում դրական են արձագանքում իրենց նախաձեռնություններին և հիմնականում հակված են հավատալ հայերին։ Ըստ նրա՝ եղել են նաև չեխեր, որոնք գտնվել են Արցախում և այնտեղից տեղեկատվություն են տրամադրել իրավիճակի մասին։

«Մենք ունենք բազմաթիվ նամակներ հենց չեխերից, որ նրանք պատրաստակամ են ինչով կարող են օգնել մեզ։ Կան մարդիկ, որոնք հենց մասնակցել են Հայաստան ուղարկվող օգնությանը, կան մարդիկ, որոնք դրամով են ցանկացել օգնել։ Չնայած, որ մենք ձեզնից հեռու ենք, բայց բոլորը ձեր կողքին են և վստահ եմ, որ շատ-շատ մարդիկ պատրաստ են կանգնել հայերի կողքին», - ընդգծել է Հակոբ Ավետիսյանը։

Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչը հայտնել է, որ հիմա աշխատում են Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ։

--00--ԱՀ