ԵԱՀԿ ՄԽ-ն իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չի կարողանում․ դա փաստ է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News 

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը, որը ներկայացվում է ստորև.

IRNA - Իրանի նախագահ պարոն Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև տարաձայնությունների կարգավորման հարցում կառուցողական դեր ունենալու պատրաստակամություն է հայտնել: Ո՞րն է Ձեր պատասխանը այս առաջարկին, և Ձեր կարծիքով՝ Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ շրջանակն է: Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, ունի և կարող է դեր խաղալ: Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

IRNA - Դուք բազմիցս նախազգուշացրել եք Ղարաբաղի տարածաշրջանում օտար ուժերի ներկայության մասին: Պարոն Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում գտաք, որ այս անհանգստությունը երկուստեք է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, միջազգային մակարդակով հաստատվել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչ վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել տարածաշրջան՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սա լուրջ վտանգ է տարածաշրջանի համար, և, ցավոք, տարածաշրջանի երկրներն այս փաստին բավարար չափով չեն արձագանքում: Բայց ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունը սպառնալիքներ է ստեղծելու, և դրա հետևանքները տարածաշրջանում դեռ կտեսնենք: Եվ, կարծում եմ, տարածաշրջանի երկրները պետք է առավել խիստ արձագանքեին այդ փաստին:

IRNA - Իրանում անհանգստություն կա, որ Ղարաբաղի հակամարտությունը կվերածվի լայնամասշտաբ և երկարատև պատերազմի և, ի հավելումն օտարերկրյա ռազմական ուժերի, համաշխարհային ուժերը նույնպես կթափանցեն այս տարածաշրջան: Դուք այս անհանգստության փարատման և խնդիրը հայ-ադրբեջանական երկխոսության շրջանակ վերադարձնելու համար ի՞նչ առաջարկ և լուծում ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա, և այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ