Որևէ դիվանագիտական լուծման մասին այս փուլում խոսելն անիմաստ է․կասեմ՝ որ փուլում է հնարավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին ու դրա դիվանագիտական լուծումներին:  

«Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում կամ այս փուլից սկսած երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, և բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել առավել ևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված: Ինչո՞ւ: Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Ի՞նչ է նշանակում «փոխզիջում»: Նշանակում է, որ քո նշաձողից, ազգային նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել՝ հանուն լուծման՝ պայմանով, որ, բնականաբար, դիմացի կողմին էլ իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան ինջեցնի:

Բայց պրակտիկան ցույց է տվել, և դա այլևս իրականություն է, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար այլևս անընդունելի է Ադրբեջանի համար, այսինքն՝ նրանց ողջ դիվանագիտական ռազմավարությունը և մարտավարությունը եղել է և շարունակում է մնալ նույնը:

Ես ուզում եմ՝ էս նրբությունը շատ հստակ արձանագրենք: Այն, ինչի հետ բանակցությունների և տարբեր գործոնների բերումով համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ: Եվ սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում: Ես հետագայում կասեմ, թե որ փուլում է, որ հնարավոր կարելի է դարձնել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

--00—ԼՄ