Բան չի եղել, ասկոլկաներս էին հնացել՝ թարմացրի․Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը լավ է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News

Սասուն Միքայելյան

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորված մեր բազմաթիվ հերոսների հետ եմ այս ընթացքում հանդիպել: Բայց քանի որ պատերազմում վիրավորում ստացած ԱԺ պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը հանրային դեմք է, իսկ նրա առողջական վիճակի մասին հետաքրքրվողները շատ են, տեղեկացնում եմ հետևյալը.

Այցելել եմ հրամանատարին: Նրան այսօր կրկին վիրահատել են, վիճակը կայուն է: Բժիշկները փորձում են հասնել ոտքերի և մեջքի մեջ (ողնաշարի հատվածում) մտած բեկորներին, բայց կարծես ոչ բոլոր բեկորներն է հաջողվում դուրս բերել մարմնից։ 
Բայց այդ բեկորները ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, Սասուն Միքայելյանին չեն անհանգստացնում հոգեպես։ Նրա դուխը բարձր է ավելի, քան երբևէ, մշտապես շեշտում է, որ պետք է հնարավորինս շուտ դուրս գա հիվանդանոցից և կրկին միանա առաջնագծի հերոսներին։ Այսինքն նրա՝ «փրթելու» կոչը առավել քան արդիական է, և հումոր է անում, թե «ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի»...

Հրամանատարին մաղթենք շուտափույթ ապաքինում և քայլելու ունակության վերականգնում.. Բոլոր վիրավոր հերոսներին՝ շուտափույթ ապաքինում։
Փա՛ռք մերօրյա բոլոր հերոս տղաներին, որոնք իրենց կյանքը չեն խնայում հանուն հայրենիքի: 
#Հաղթելունք»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ