«Վրաստանի բանկի» մասնաճյուղում պատանդ վերցված անձանց մի մասն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

աշխարհ

Զուգդիդիի կենտրոնում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղում պատանդ վերցված անձանց մի մասն ազատ է արձակվել: Նրանք հարցաքննության նպատակով տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք:

Ինչպես հայտնում է Հանրային հեռուստատեսությունը, հրշեջ ամբարձիչի օգնությամբ շենքից դուրս է բերվել մինչեւ չորս պատանդ: Նրանք հարցաքննության նպատակով տեղափոխվել են ոստիկանություն:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել Զուգդիդիում գտնվող բանկի մասնաճյուղ զինված մարդու ներխուժման մասին:

«Ժամը 14:21-ին Ներքին գործերի նախարարություն հաղորդում էր ստացվել Զուգդիդիի Զվիադ Գամսախուրդիայի պողոտայում գտնվող բանկերից մեկը զինված անձի ներխուժման մասին: Ոստիկանությունն անհապաղ արձագանքման ռեժիմով շրջափակել է դեպքի վայրի հարակից տարածքը եւ սկսել հանցագործին վնասազերծելու օպերացիան: Ներկայումս տեղում մոբիլիզացված են իրավապահ մարմինների աշխատակիցները, իրականացվում են քննչական եւ օպերատիվ միջոցառումներ: Ոստիկանական օպերացիայի խաղաղ անցկացման համար շատ կարեւոր է պահպանել անվտանգության չափանիշները դեպքի վայրի անմիջական հարեւանությամբ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

ՆԳՆ-ն լրատվամիջոցներին կոչ է անում հետեւել անվտանգության չափանիշներին, ուղիղ եթերով չհեռարձակել հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացվող ոստիկանական օպերացիան: Դա վտանգում է քաղաքացիների եւ ոստիկանության աշխատակիցների կյանքը, ինչպես նաեւ` նրանց առողջությունը: Միջադեպի փաստով հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 179-րդ, 236-րդ եւ 144-րդ հոդվածներով: Ներքին գործերի նախարարությունը հասարակությանը տեղեկատվություն կտրամադրի փուլային կերպով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Հանրային հեռուստատեսության` բանկի աշխատակիցներին ու այցելուներին պատանդ վերցրած հանցագործը զինված է ինքնաձիգով եւ նռնակով: Զինված մարդու պահանջները դեռ հայտնի չեն:

--0--ԿԿ