ԼՂ հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան հանցագործություններից. Պուտին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News

Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են, երկուսի հետ էլ Մոսկվան ցանկանում են կառուցել լիարժեք հարաբերություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ՎԱԼԴԱՅ» ակումբում ունեցած ելույթի ժամանակ։ 

Պուտինը խոսել է Սումգայիթյան ջարդերի ու հայ ժողովրդի նկատմամբ դաժանությունների մասին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան հանցագործություններից»,- ասել է նա:

ՌԴ նախագահը նշել է` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարումից ի վեր ընդհանուր առմամբ երկու կողմից գրեթե 5 000 զոհ կա: Նա ընդգծել է` ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են հասնել կարգավորման, սակայն Ռուսաստանն այս հարցում առավել հետաքրքրված է, քան մյուսները:

Պուտինն ասել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, ընդգծել է` օրվա մեջ մի քանի անգամ զրուցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Ռուսաստանը երբեք չի չարաշահել պետությունների, այդ թվում` ՆԱՏՕ-ի անդամների, միջև բախումները».- նշել է նա:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կօգնեն ԼՂ հակամարտության կարգավորմանը:

«Ռուսաստանը Թուրքիայի հետ տարաձայնություններից չի զգուշանում: Անկարան հետաքրքրված է համագործակցության շարունակմամբ»,- ասել է նա` հավելելով, որ իրենք այնպիսի դիրք են ընդունում, որը կօգնի շահել երկու կողմի վստահությունը: 

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԼՂ հակամարտությանը միջամտելու դրդապատճառներին` Պուտինը նշել է.

«Չգիտեմ` ինչպես է նա վերաբերվում օսմանյան ժառանգությանը: Դա պետք է իրեն հարցնեք»:

ՌԴ նախագահը նշել է` Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում:

«Եթե ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել, դա դեռ չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»,- ասել է նա:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: 

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00--ԱԹ