Ռազմական ողջույնի համար ՈւԵՖԱ-ն նկատողություն է տվել ադրբեջանական «Ղարաբաղին»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ռազմական

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) պատժել է ադրբեջանական «Ղարաբաղին» լեհական «Լեգիայի» դեմ Եվրոպական լիգայի փլեյ-օֆֆ փուլի խաղում ռազմական ողջույն ցուցադրելու համար: Այդ մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Ակումբի 13 խաղացող և 14 ներկայացուցիչ որպես կարգապահական տույժ նկատողություն են ստացել:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

--00—ԼՄ