Հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Էմանուել Մակրոնը. քննարկել են ԼՂ հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Արցախի/Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան շարունակվում է, թիրախավորվում են Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության մեջ։ Հայաստանի նախագահը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ, ընդգծելով, որ Թուրքիայի՝ որպես երրորդ կողմի նման ծավալի ներգրավվածությունն ավելի է սրում իրավիճակը և վտանգում տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ տարածաշրջանի համար առանձնակի սպառնալիք են Թուրքիայի կողմից Ադրբեջան բերված և այնուհետև այդ երկրի բանակի կազմում Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցող իսլամիստ ահաբեկիչները, որոնք, չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ հետո հայտնվեն նաև այլ երկրներում, այդ թվում` նաև Եվրոպայում:

Նախագահ Մակրոնը նույնպես մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Նախագահ Սարգսյանն ու նախագահ Մակրոնը համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և կարևորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

Նախագահներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը հակամարտության կարգավորման գործում և կարևորել Մինսկի խմբի համանախագահությամբ հնարավորինս շուտ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները նաև ուրախությամբ փաստել են, որ երկու ժողովուրդների բազմադարյա կապերի ու բարեկամության հենքի վրա կառուցված հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները շարունակում են զարգանալ բարեկամության և փոխըմբռնման ոգով:

Նշենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզ է մեկնել Բրյուսելից, որտեղ հանդիպումներ էր ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս