1800 դոլար, Թուրքիայի քաղաքացիություն. ի՞նչ է առաջարկվել ԼՂ դեմ պատերազմող վարձկաններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

վարձկան

Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման հենց սկզբից սիրիացի զինյալների է ուղարկում Ադրբեջան, բազմիցս դարձել է պաշտոնական դիվանագիտական հայտարարությունների առարկա: Սակայն մինչ օրս Թուրքիան ու Ադրբեջանը հերքում են այդ փաստերը: Novayagazeta.ru-ն հրապարակել է անուններ, հավաքագրման մեխանիզմներ և պայմաններ, որոնց համաձայնելով են սիրիացի վարձկանները գնում Լեռնային Ղարաբաղ՝ պատերազմելու:

սիրիացի

Մոհամեդ Շաալան. սիրիացի, ծնվել է Հալեպի հարակից Ալ-Աթարիբ փոքր քաղաքում: Կռվել է Սուվար ալ-Շամ բրիգադի կազմում, որ Սիրիական ազատ բանակի մաս է: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մեկնարկի պահից մեկնել է՝ պատերազմելու Ադրբեջանի կողմում: Սպանվել է առաջին օրերին:

Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով՝ ներկա դրությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մահացել է Սիրիայի 134 քաղաքացի, նրանցից 13-ը՝ վերջին 48 ժամվա ընթացքում: Նրանք բոլորը հավաքագրվել են Թուրքիայի քաղաքացիների կողմից՝ Ադրբեջանի կողմից պատերազմելու համար:

Կայքի աղբյուրները այլ պատկեր են տալիս, որոնց համաձայն՝ սիրիացիների շրջանում զոհերի թիվն ավելի մեծ է: Սիրիայի ընդդիմադիրներից կայքին տեղեկացրել են, որ զինված հակամարտության մեկնարկից ի վեր Լեռնային Ղարաբաղում սպանվել է ավելի քան 185 սիրիացի վարձկան:

Ադրբեջան ուղարկված որոշ սիրիացիներ արդեն դիմել են իրենց թուրք կարգադրիչներին՝ խնդրելով օգնել վերադառնալ հայրենիք՝ առանց հասանելիք աշխատավարձի վճարման:

Դժվար է ասել՝ ներկա դրությամբ Ադրբեջանում քանի սիրիացի կա, սակայն Իդլիբից ստացված առաջին հաղորդագրությունները նշում են «1000 հոգի»: Կարևոր է հասկանալ, որ հիմնական ընտրություն-հավաքագրումը կատարվել է հենց հակամարտության առաջին օրերին: Հետագայում ծավալները կրճատվել են այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում այլ պատերազմ է՝ հետևակի հետ անմիջական բախում չկա, պայքարը մղվում է հրետանու և ԱԹՍ-ների միջոցով:

Հայտնի չէ՝ Ադրբեջանին պետք կգա՞ թարմ սիրական արյուն:

Կայքին հաջողվել է պարզել, թե ինչպես է իրականացվել ԼՂ տեղափոխվող զինյալների հավաքագրումը: Գործընթացին մասնակցել են Իդլիբում և Հարավային Թուրքիայում մի քանի զինված խմբավորումներ:

Հավաքագրմանը մասնակցած սիրիացի հրամանատարների անուններն են.

  • Մուստաֆա Սեյջարի - Թուրքիայի հովանավորության ներքո ձևավորված «Սիրիայի ազգային բանակ»-ի հրամանատարներից, որ նախկինում ներկայացնում էր Հյուսիսային Սիրիայի «Մութասիմ» ռազմական բրիգադը:
  • Աբու Ամշա - «Սուլեյման Շահ»բրիգադի առաջնորդ:
  • Սեիֆ Աբու Բաքո - «Համզա» բրիգադի առաջնորդ:
  • «Սուլթան Մուրատ» բրիգադի հրամանատարները:

Վարձկաններին առաջարկվել են գրավիչ պայմաններ. ամեն ամիս 1800 դոլար աշխատավարձ, որ նրանք կստանան վերադառնալուն պես: Չվերադառնալու դեպքում վարձկանի ընտանիքը, բացի այդ 1800 դոլարից, ստանալու էր ևս 30 000 դոլար:

Ցանկացած արդյունքի դեպքում վարձկանին ու ընտանիքին նաև երաշխիքներ էին տվել, որ Թուրքիայի քաղաքացիություն կստանան: Այս պայմանները շատերի համար են գրավիչ թվացել, և նրանք պատրաստ են եղել պատերազմել հանուն Ադրբեջանի ու Թուրքիայի: Նրանք Իդլիբում ստանում էին մոտ 77 դոլար աշխատավարձ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար:

--00--ԱԹ