ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է Արցախի և ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիային

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

․

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին Վիեննայում Մշտական խորհրդում անդրադարձել է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիայի հարցին: ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել է «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։

Քննարկման ժամանակ ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին նախ տեղեկացրել է հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին՝ ինչպես ռազմաճակատում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական շփումներում։

Իր ելույթում դեսպան Պապիկյանն անդրադարձել է հետևյալ հարցերին։

  • Ադրբեջանը, ոտնահարելով մարդասիրական հրադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, երկու անգամ էլ գործել է Թուրքիայի ուղղակի ազդեցության ներքո։ Դա վկայում է, որ Անկարան ուղղակիորեն ներգրավված է Ադրբեջանում որոշումների կայացման գործընթացում, եթե չասենք՝ կառավարում է այն։
  • Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ հետ համագործակցության մերժում:
  • Նման որոշման հավանական պատճառներն են Ադրբեջանի զինված ուժերի շրջանում ահռելի մեծ կորուստները, որն Ադրբեջանի հասարակության դժգոհություն և ընդվզում կարող է առաջացնել։
  • Հայկական կողմի հաշվարկներով՝ Ադրբեջանի կորուստները կազմում են մոտ 7 հազար, որոնցից 937-ի տվյալներն արդեն նույնականացվել են հայ մասնագետների կողմից։
  • Ադրբեջանը չի հրապարակում ռազմական զոհերի վերաբերյալ տվյալները և մերժում է ԿԽՄԿ ծառայությունները, ինչը բնորոշ վարքագիծ է պատերազմող որևէ ավտորիտար բռնապետության համար։
  • Երկրորդ հնարավոր պատճառը ԿԽՄԿ ծառայությունները մերժելու համար օտար ահաբեկիչ գրոհայինների առկայությունն է։ Կարմիր խաչի կամ այլ միջազգային ներկայության պարագայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկիչների և ջիհադիստների ներգրավման փաստերը էլ ավելի բացահայտ կդառնան։
  • Ադրբեջանի ապատեղեկատվական և քարոզչական բնույթի քայլեր:
  • Այդ երկրում, որտեղ խոսքի ազատությունն ի սկզբանե ոտնահարված էր, ագրեսիայի մեկնարկից ի վեր մամուլի և խոսքի ազատության էլ ավելի խստ սահմանափակումներ են մտցվել։ Այս պայմաններում ականատես ենք դառնում Ադրբեջանից կողմից ապատեղեկատվության և կեղծ լուրերի մեծ հոսքերի։
  • Դեսպան Պապիկյանը կոչ է արել միջազգային հանրությանը՝ վերապահումներով վերաբերվել Ադրբեջանի քարոզչական նարատիվներին՝ խուսափելու համար Արցախի և Հայաստանի դեմ տարվող տեղեկատվական պատերազմի ծուղակում հայտնվելուց։
  • Դեսպան Պապիկյանը նաև կոչ է արել զերծ մնալ հայտարարություններից, որոնք հիմնված կլինեն ադրբեջանական կողմի հայտարարությունների վրա՝ առանց անկողմնակալ աղբյուրների հաստատումների։
  • Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի համատեքստում Թուրքիայի դերը, ներառյալ օտար ահաբեկիչ զինյալներ վարձելու և Ադրբեջան տեղափոխելու առումով.
  •  Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հնչող հերքումների, այս հանգամանքն այլևս կասկածից վեր է։ Այս առումով դեսպան Պապիկյանը մեջբերեց Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը հոկտեմբերի 20-ին կայացած Նախագահական կաբինետի հանդիպումից հետո, որտեղ վերջինս հայտարարել էր, որ ընդլայնվում են Թուրքիայի հետաքրքրության ուղղությունները, որտեղ «Թուրքիան ներգրավված է ուղիղ կամ անուղակի կերպով՝ կշարունակի կանգնել իր քույրերի և եղբայրների կողքին բոլոր տարածաշրջաններում՝ Բալկաններից մինչ Կովկաս, Ասիայից մինչև Աֆրիկա։ Իսկ այն երկրների համար, որոնք երազում են Թուրքիային հանեն այս աշխարհագրական տարածքից, որն իրենք պաշտպանել են որպես իրենց հայրենիք, Թուրքիան մղձավանջի կվերածի»։
  • Այս ամենը անկասկած վկայում է այն մասին, որ ներկայիս պատերազմում Ադրբեջանը չէ հիմնական դերակատարը. այս պատերազմը նախաձեռնել է Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու իր երազանքին հասնելու նպատակով։
  • Ադրբեջանին Թուրքիայի կողմից սպառազինությունների մատակարարում.
  • Թուրքական արտադրության սպառազինությունների կիրառումը առանցքային նշանակություն ունի Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների տեսանկյունից։
  •  
  •  Դեսպանը բարձր գնահատեց ԵԱՀԿ մասնակից որոշ երկրների որոշումը դադարեցնել տեխնոլոգիաների և մասերի արտահանումը Թուրքիա և կոչ արեց ԵԱՀԿ մյուս մասնակից երկրներին հետևել այդ օրինակին՝ որպես քաղաքական և սոցիալական պատասխանատվության դրսևորում։
  • Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք.
  • Ադրբեջանը, Արցախի և նրա ժողովրդի դեմ մղվող լայնածավալ պատերազմով, ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախը երբեք և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
  • Միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անկախ պետականության միջազգային ճանաչումը կարող է ձևավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը և ապահովությունը երաշխավորելու համար անհրաժեշտ քաղաքական և իրավական ձևաչափը։
  •  Դեսպանը կոչ արեց ԵԱՀԿ մասնակից երկրներին անդրադառնալ այս խնդրին՝ Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և օտար ահաբեկիչ գրոհայինների մասնակցությամբ սանձազերծած պատերազմի համատեքստում։
  • Հայաստանը մշտապես հանդես է եկել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման առաջին օրվանից հայտարարել էր, որ որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս մոտեցումը մերժվել է Ադբեջանի կողմից։
  • Ադրբեջանը մտադիր էլ չի հակամարտության որևէ կարգավորում փնտրել որն ընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար և դիտարկումը ռազմական ճանապարհով խնդրի լուծումը որպես միակ տարբերակ։
  • Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի հաստատման վերաբերյալ երկու պայմանավորվածություներն էլ ոտնահարելու պայմաններում Հայաստանի վարչապետը միայն փաստել է ակնհայտ իրականությունը, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ կարգավորման և հետևաբար այս փուլում հակամարտության դիվանագիտական խաղաղ կարգավորման նախադրյալներ չկան։
  • Թուրքիան և Ադրբեջանը մշտապես փորձում են Հայաստանի Հանրապետությանը վերագրել ահաբեկչության առնչվող մտածածին դեպքեր, դեպքեր, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անկախության վերականգնումից տարիներ եթե ոչ տասնամյակներ առաջ։ Դրանք անհաջող փորձեր են, և նպատակ ունեն, ինչ որ կերպ, արդարացնել Թուրքիայի կողմից պետական մակարդակով հովանավորվող ահաբեկչությունը։
  • Թուրքիան համագործակցում է ահաբեկիչների հետ և օգտագործում վերջիններիս որպես գործիք Օսմանյան կայսրության վերակենդանացման իր դատապարտելի քաղաքականությունն իրագործելու համար։
  • Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920թ․ սեպտեմբերին, թուրքական բանակը հարձակվեց Հայաստանի առաջին Հանրապետության վրա՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել Հայոց Ցեղասպանության թուրքական ծրագիրը և ոչնչացնել Հայաստանը։ Հարյուր տարի հետո, 2020թ-ի սեպտեմբերին Թուրքիայի կողից մշակված ադրբեջանական լայնածավալ ագրեսիան գալիս է ապացուցելու, որ ոչինչ չի փոխվել։ 100 տարի անց Հայաստանը և հայ ժողովուրդը, այսօր պայքարում է ադրբեջանա - թուրքական - ահաբեկչական - ջիհադիստական համախմբված ուժերի դեմ։

--00--ԱՀ