Որևէ մեկը, բացի Հայաստանից, «Իսկանդեր» չունի․ սա վերաբերմո՞ւնք է, թե՞ ոչ․ Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից մի հատված՝ այն վերնագրելով․ «Առանց մեկնաբանության»

«Հայտարարությունները, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի իմացությամբ, քաղաքական տեսակետից տգիտություն են, Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Երբ մարդիկ դաշնակիցների վերաբերյալ չստուգված, վարկաբեկող մտքեր են հայտնում, դա ունենում է շատ խորը հետևանքներ՝ և ոչ միայն այդ պահին: ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է: Այդպիսի հայտարարությունը նշանակում է ուղղակի մեղադրել քո դաշնակցին պատերազմ հրահրելու, այսինքն՝ դավաճանության մեջ: Դա անթույլատրելի է, անթույլատրելի է հատկապես այն պարագայում, երբ ՌԴ-ն մեզ հսկայական օժանդակություն է ցուցաբերել՝ որպես դաշնակից»,– նշեց բանախոսը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը, մինչև ապրիլյան իրադարձությունները, Ռուսաստանից ստացել է 50 հազար տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն և դրա համար չի վճարել: «Այսպիսի պարագաներում խոսել այն մասին, թե Ռուսաստանի գիտությամբ և հրահրմամբ է տեղի ունեցել Ապրիլյան պատերազմը, սխալի արդյունք է: Չի կարելի նման հայտարարություններ անել: Ապագայում նման մոտեցուներ չպետք է թույլ տրվեն: Որևէ մեկը, բացի Հայաստանից, «Իսկանդեր» չունի: Սա վերաբերմո՞ւնք է, թե՞ ոչ»:

--00--ԱՀ