«Սա մեր պատերազմը չէ, Ադրբեջանում փառքի չենք արժանանա, միայն՝ մահ». վարձկանը՝ Le Monde-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

սիրիա

Ֆրանսիական Le Monde պարբերականը հոդված է հրապարակել Ադրբեջանում կռվող սիրիացի վարձակնների մասին:

Ըստ աղբյուրի՝ Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ, որոնց հավաքագրողները մեծ գումար էր խոստացել, սպանվել են Ադրբեջանի կողմից կռվելիս: Le Monde-ի թղթակից Մադժիդ Զերուկին նշում է, որ վարձկաններն աղքատության պատճառով է, որ խառնվում են բոլորովին օտար պատերազմին:

Հոդվածագիրը ներկայացնում է սիրիացի վարձկաններից մեկի՝ 23-ամյա Մուստաֆա Կանտի պատմությունը. երբ նա հավաքագրվել է, մտածել է՝ մեկնելու է Լիբիա, սակայն հայտնվել է Ադրբեջանում:

«Զինված խմբերի հրամանատարները խաբել են երիտասարդներին: Նրանց ասել են, որ ծառայելու են որպես ոստիկաններ և սահմանապահներ, այլ ոչ թե մասնակցելու են մարտերին: Նրանք, ովքեր գնացել են, ոչինչ չունեն երեխաներին կերակրելու համար»,- պարբերականին պատմել է մեկ այլ վարձկան ու հավելել, որ խոստացված գումարները հաճախ մնում են ժլատ հրամանատարների գրպանում: Մինչդեռ գրոհայինները ստանում են սպասվելիք գումարի ընդամենը 20 %-ը: Թուրքերը վճարում են 800-900 դոլար յուրաքանչյուրի համար, իսկ հրամանատարները վերցնում են մինչև 700 դոլար:

Վարձկաններից մեկն էլ պատմել է պարբերականին, որ երիտասարդներն իրենք իրենց ասում են, որ գնում են 2-3 ամսով, որ դա այդքան էլ վտանգավոր չէ և որ կարող են վաստակել 2000-3000 դոլար, սակայն հայտնվում են առաջնագծում հենց առաջին օրը, մինչդեռ վարձկաններին հավաքագրողներն այդ ընթացքում Սիրիայում տներ ու մեքենաներ են գնում:

«Սա մեր պատերազմը չէ: Ադրբեջանում մենք ոչ մի փառքի չենք արժանանա: Միայն՝ մահ»,-ասել է վարձկաններից մեկը:

Հիշեցնենք, որ հայկական կողմն ու որոշ գերտերություններ բազմաթիվ փաստեր են ներկայացրել այն մասին, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում մասնակցում են վարձկանների Սիրիայից ու Լիբանանից: Ըսը որոշ հրապարակումների՝ նրանց ուսումնական գործընթացն իրականացնում են թուրքերը:

--00—ԼՄ