Fulbright-ի 196 գիտնական ԱՄՆ-ին կոչ են անում արյունահեղությունը դադարեցնելու քայլեր անել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24  24News  

գիտնական

Մոլորակի վեց մայրցամաքների 57 երկրում Միացյալ Նահանգները ներկայացնող Fulbright կրթական ծրագրի 196 գիտնականներ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունն ու ապահովել երկարատև խաղաղությունը: Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ գրում է Massispost-ը:

Նամակում մասնավորապես ասվում է, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող անվտանգ լինել, եթե նույնիսկ Ադրբեջանը վերահսկողություն սահմանի շրջանի վրա: Այս ցավալի փաստի մասին վկայում են վերջին իրադարձությունները, որոնք վերջնականապես ցույց են տալիս, որ հակահայկական էթնիկ զտումներն այլևս ենթադրյալ սպառնալիք չեն, այլ՝ բացահայտ իրականություն»:

«Քանի որ միջազգային հանրությունը կաթվածահար է, մենք համոզված ենք, որ միայն Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման աջակցությունը կարող է կանգնեցնել շարունակվող վայրագությունները»,- ասվում է նամակում:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Աղբյուրը՝ 1lurer.am։ 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս