ԼՂ հայերը դասեր են քաղել Ադրբեջանի հետ առաջին պատերազմից. նախագահը՝ Al-Ahram Weekly-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել եգիպտական Al-Ahram Weekly  պարբերականին, որի շրջանակում անդրադարձել է ադրբեջանական իշխանությունների այն պնդմանը, թե Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է, և նրանք պետք է այն ազատագրեն հայկական ուժերից: 

Ըստ նախագահի՝ Ադրբեջանի այդ պնդումը բացարձակ անհեթեթություն է և փորձ՝ արդարացնելու իրենց ցեղասպանական մտադրություններն ընդդեմ հայերի:

«Լեռնային Ղարաբաղը կամ պատմական Արցախը, մշտապես բնակեցված լինելով մեծամասամբ հայերով, երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել: Անգամ 1920 թվականին Ազգերի լիգան մերժեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անդամակցումը, քանի որ վերջինս Լեռնային Ղարաբաղի հարցը վիճարկում էր Հայաստանի հետ: 1920-1921 թվականներին Կովկասի խորհրդայնացման ընթացքում բոլշևիկներ գրավեցին Լեռնային Ղարաբաղը, իսկ 1921 թվականին մտցվեց Խորհրդային Ադրբեջանի տարածքային-ադմինիստրատիվ սահմանների մեջ, ընդ որում, Խորհրդային Ադրբեջանն անկախ պետություն չէր, այլ մաս էր կազմում Խորհրդային Միության: Տասնամյակներ շարունակվող խտրականությունից հետո Լեռնային Ղարաբաղի հայերը 1987-88 թվականներին սկսեցին իրենց արդար ձայնը բարձրացնել խաղաղ ցույցերի և նամակներով դիմումների տեսքով՝ վերամիավորվելու Հայաստանի հետ: Սա համընկավ Խորհրդային Ադրբեջանում էթնիկական հողի վրա իրականացվող հետապնդումների աճի հետ, որի գագաթնակետը դարձան հայերի ջարդերն ադրբեջանական այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Սումգայիթը, Բաքուն, Կիրովաբադը (Գյանջա)՝ ուղեկցվող զանգվածային սպանություններով, հետապնդումներով և էթնիկական զտմամբ: Այս ամենի պատճառով Լեռնային Ղարաբաղի հայերը նախաձեռնեցին հանրաքվե և 1991 թվականի դեկտեմբերին հռչակեցին իրենց անկախությունը Խորհրդային Ադրբեջանից՝ համաձայն Խորհրդային Միության սահմանադրության»,-ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը նաև կարևոր է համարում այն գիտակցումը, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ինքնորոշվել և անջատվել են Խորհրդային Միությունից ավելի վաղ, քան՝ Ադրբեջանը, և այն նույն իրավական հենքի վրա, ինչ՝ Ադրբեջանը, որը, փաստացիորեն, անկախացել է առանց Լեռնային Ղարաբաղի:

«Չնայած այս ու մյուս փաստերի, որոնք Ադրբեջանի պնդումները դարձնում են անհիմն, Բաքվում Իլհամ Ալիևի ռեժիմը փորձում է ռազմական ճանապարհով ճնշել Արցախի հայերի՝ սեփական հայրենիքում իրենց ուզած ձևով ապրելու իրավունքը՝ ցանկանալով բիրտ ուժով գրավել երկիրը, մաքրել այն ավանդաբար այստեղ գտնվող բնիկներից և նրանց ժառանգությունից, գործելով որպես 17-րդ դարի արյունարբու գաղութարարներ, որոնք մերժում են հիմնարար իրավունքները:

Պաշտոնական Բաքուն այս մեթոդը կարողացել էր օգտագործել 1991-1994 թվականներին, երբ բացեիբաց հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի շրջանների վրա՝ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը հանրաքվեի արդյունքում հռչակեց իր անկախությունը, և Ադրբեջանը նույնն անում է նաև այսօր: Այդ իսկ պատճառով, ես հավատացած եմ, որ Ադրբեջանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ իրավունք՝ այն պահից ի վեր, ինչ կիրառեց ագրեսիվ ռազմական «տարբերակը»՝ ուղեկցված հայերի նկատմամբ բացահայտ ռասիզմով և թշնամանքով»,-նշել է նախագահը, ապա անդրադարձել նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հարցին, որը Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքական օրակարգի գործիք է:

«Թեպետ ադրբեջանական կողմը հաճախ պարծենում է՝ ասելով, որ ունի ճշգրիտ խոցման զենքեր, այն մտադրված կերպով հրետակոծում է Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտն ու քաղաքացիական բնակչության այլ վայրեր: Ճշգրիտ կրկնակի հարվածը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա այն ժամանակ, երբ ներսում մարդիկ էին աղոթում, դրա ապացույցներից է: Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հայերը դասեր են քաղել Ադրբեջանի հետ առաջին պատերազմից և իրենց ռազմական օբյեկտները ու ռազմաբազաները ոչ միայն տեղակայել են բնակելի վայրերից հեռու, այլև ստեղծել են ստորգետնյա ապաստարանների արդյունավետ համակարգ, որը թույլ է տալիս բնակչությանը դիմակայելու ադրբեջանական պարբերական դարձած հրետակոծությանն ու հրթիռակոծությանը: Սա է պատճառը, որ թեպետ Ստեփանակերտը ենթարկվում է ծանր ու գրեթե ամենօրյա ռմբակոծությունների, և քաղաքում ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հարաբերականորեն քիչ է»,-ասել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը նաև հիշեցրել է դեպքեր, երբ ադրբեջանական զինուժը մտադրված կերպով իր ռազմաբազաները, հրետանային կայանքներն ու այլ ռազմական օբյեկտներ տեղակայում է քաղաքացիական բնակավայրերին շատ մոտ հեռավորության վրա, ինչպես օրինակ Թերտերում, Բարդայում, Հորադիզում կամ էլ քողարկում է դրանք ավելի մեծ քաղաքներում, ինչպիսին Գյանջան է:

«Այս համատեքստում հայկական կողմը, չունենալով կամ ունենալով խիստ սահմանափակ թվով ճշգրիտ խոցման զենքեր, բախվում է դժվար երկընտրանքի, քանի որ օրինական ռազմական թիրախների ոչնչացումը կարող է չկանխամտածված կերպով վնասել նաև քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է սա որպես հավելյալ լծակ արտերկրում իր մեծ տեղեկատվական քարոզչության շրջանակում հայկական կողմից «հրեշավոր կերպար» ստեղծելու նպատակով՝ փաստացիորեն «Հայկական ագրեսորները» անունով ադրբեջանական շոուի մեջ ներքաշելով նաև սեփական բնակչությանը»,-ասել է նախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս