Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքը հեռուստամարաթոնին նվիրաբերեց 1 200 860 դրամ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25  24News  

մարաթոն

Արցախին աջակցություն ցուցաբերելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի կողմից անցկացված հեռուստամարաթոն-դրամահավաքի ընթացքում եղել է 1 մլն 200 հազար 860 դոլարի նվիրատվության խոստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հեռուստամարաթոն-դրամահավաքն անցկացվել է «Արցախն ուժեղ է» խորագրի ներքո:

Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանն իր երախտիքի խոսքն ասաց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան դրամահավաքին: Նա ընդգծեց, որ շատ կարևոր է Արցախի աջակցության համար ակտիվ մասնակցությունն ու օգնության ձեռք մեկնելը:

Ավստրալիայի դրամահավաքը գալիս է գումարվելու ավելի վաղ համայնքի հանգանակած 1.4 միլիոն դոլարին: Հանգանակությունը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի համար անցկացվող «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքին:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

 --00—ՄՀ