ԼՂ-ում ադրբեջանցիների կողմից կռվում են Պակիստանից զինյալներ. Փաշինյանը՝ հնդկական WION-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

․

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաընկերության Global Leadership Series հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է, որ պաշտոնական Երևանը տիրապետում է տեղեկությունների, ըստ որի Արցախում ադրբեջանցիների կողմից կռվում են նաև Պակիստանից եկած զինյալ ահաբեկիչներ։ 

Ներկայացնում ենք հարցազրույցի այդ հատվածը։

WION - Ողջույն և բարի գալուստ WION-ի Global Leadership Series հաղորդաշար։ Այսօր մեր հյուրն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Փաշինյան, ողջունում եմ Ձեզ WION-ի  եթերում։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ուրախ եմ հյուրընկալվել Ձեզ։

WION - Մարտերը Ղարաբաղում շարունակվում են արդեն 4 շաբաթ։ Զինադադարի մասին երկու համաձայնություն է ձախողվել արդեն։ Արդյոք պատրաստվո՞ւմ եք երկարատև պատերազմի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Գիտեք, սա, ըստ էության, մեզ պարտադրված պատերազմ է, և Հայաստանը Ձեր նշած հրադադարի պայմանավորվածությունների համատեքստում իր պարտավորությունները կատարել է: Այդ Ադրբեջանն է, որ չի կատարում իր պարտավորությունները, և սա ունի պատճառներ: Խնդիրն այն է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում ներգրավված է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտի Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ: Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի խառը և խառնաշփոթ իրավիճակի հետ գործ ունենք: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ նաև Պակիստանից են զինյալներ մասնակցում ընդդեմ Ղարաբաղի պատերազմին: Եվ գուցե թե այս ամենի բազմաշերտությունն է, որ հնարավորություն չի տալիս կայունացնել իրավիճակը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայությանը, այս իրավիճակում նա այլ ընտրություն չունի, քան բոլոր հնարավոր միջոցներով և մինչև վերջ պաշտպանվելը այնքան ժամանակ, քանի դեռ հարցին ինչ-որ դիվանագիտական կարգավորում հնարավոր կլինի տալ:     

WION - Ժողովրդին ուղղված Ձեր ուղերձում Դուք ասել եք, որ առնվազն այս փուլում Ղարաբաղի հարցը չունի դիվանագիտական լուծում։ Այդ դեպքում ո՞րն է լուծումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Տեսեք՝ ինչումն է խնդիրը: Այս հարցը լուծելու համար պետք են փոխզիջումներ, և ամեն անգամ, երբ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում որևէ փոխզիջման, այսինքն՝ իր դրած նշաձողը թեկուզ մի փոքր իջեցնում է, Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ, նոր պայմաններ: Այդպես է եղել բանակցային գործընթացի շատ երկար մի ժամանակահատվածում, և այդպես է նաև հիմա: Եվ, ըստ էության, ասելով, որ այս պահին դիվանագիտական լուծման հնարավորություն չկա՝ ես նկատի եմ ունենում Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը, որովհետև Ադրբեջանը պատրաստ չի եղել և պատրաստ չէ փոխզիջումային հենքի վրա Ղարաբաղի հարցի կարգավորման: Եվ որ պահին Ադրբեջանը պատրաստ կլինի նման դիրքորոշման, այդ պահին, կարծում եմ, մենք կունենանք որոշակի հաջողություն: Իսկ քանի դեռ այդպիսի դիրքորոշում չի որդեգրված, շատ բարդ է հասնել դիվանագիտական լուծման, ինչը չնայած չի նշանակում, թե մենք դադարում ենք աշխատանքն այդ ուղղությամբ և չենք շարունակելու աշխատել այդ ուղղությամբ: 

WION - Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին հրադադարը խախտելու մեջ։ Ձեր արձագանքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Սովորաբար նման դեպքերում ոչ ոք չի ասում՝ այո, այդ ես եմ, որ հրադադարը չեմ պաշտպանել: Բայց ես մի բան եմ հարցնում, ուղղակի եկեք տրամաբանական շղթա կառուցենք: Այն, որ պատերազմն սկսել է Ադրբեջանը, փաստ է: Այն, որ Ադրբեջանի կողմից այսօր կռվում են զինված ահաբեկիչներ, փաստ է: Ես չգիտեմ մի դեպք, որ զինված ահաբեկիչները կարող են որևէ տեղ ներգրավվել զինադադարի համար: Եվ երրորդը՝ Թուրքիան, երբ ամեն անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվում հրադադարի վերաբերյալ, հրապարակային  հայտարարում է, որ, իր կարծիքով, Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները: Այս տրամաբանական շղթան կառուցելով՝ կարելի է շատ հեշտ դուրս բերել, թե ով է, որ չի պահպանում հրադադարի ռեժիմը: 

WION - Անդրադառնալով զինված ահաբեկիչների խնդրին. Դուք նշում եք, որ ահաբեկիչներ են ուղարկվել նաև Պակիստանից։ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Պակիստանի հետ, սակայն Դուք կարող եք դիմել միջազգային հանրությանը, որպեսզի ճնշում գործադրվի Պակիստանի վրա՝ զինված ահաբեկիչների արտահանումը դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավիճակի լարմանը չնպաստելու համար։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք խնդրի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը փոխանցել ենք միջազգային մեր գործընկերներին: Նաև միջազգային լրատվամիջոցներում են եղել հրապարակումներ, որոնք ապացուցում են, որ Սիրիայից ահաբեկիչներ և վարձկաններ մասնակցում են ղարաբաղյան պատերազմին: Եվ նաև միջազգային կառույցները տեղեկացված են։ Արդեն իսկ մի շարք երկրներ պաշտոնապես ընդունել են հակամարտության գոտում ահաբեկիչների և վարձկանների ներկայությունը և անհանգստություն են արտահայտել այս կապակցությամբ: Եվ, իհարկե, միջազգային հանրությունը պետք է այս գործողությունները խստորեն դատապարտի ու կոնկրետ միջոցներ ձեռնարկի ահաբեկիչների ներկայությանը տարածաշրջանում վերջ դնելու համար:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս