Արցախի հոշոտված քաղաքները, խաղահրապարակները շուտով կլցվեն խինդ ու ծիծաղով. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հույս հայտնելով, որ Արցախի խաղահրապարակները շուտով կլցվեն խինդ ու ծիծաղով:

«Արցախի հոշոտված քաղաքները, փողոցներն ու խաղահրապարակները շուտով կլցվեն խինդ ու ծիծաղով, նորից ապրելու ենք առանց վախի, բայց միշտ՝ զգոն և պատրաստված, նորից շենացնելու ենք ու կառուցենք, նորից ժպտալու ենք ու ապրենք այնպես, որ արժանի լինենք մեր ապրելու համար կյանք տված ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, հաղթանակը չափազանց թանկ է... բայց գալու է և շատ շուտով»,-գրել է Գայանե Աբրահամյանը և հավելել #ՀԱՂԹՈՒՄԵՆՔ հեշթեգը:

Հիշեցնենք, որ, ԱՄՆ-ում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության համաձայն, հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին արցախաադրբեջանական սահմանին պետք է 3-րդ անգամ հրադադար հաստատվեր, սակայն հրադադրի՝ ուժի մեջ մտնելու ժամին Ադրբեջանը հայտարարություն է տարածել, որ հայկական կողմը խախտել է հրադադարը, իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ժամին հայտարարել է, որ հայկական կողմը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածության, հրադադարը պահպանելու է:

Ավելի ուշ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն տարածեց, որ հերթական խախտումը գրանցվել է ժամը 09:10-ի սահմանում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը՝ արձակելով հինգ հրետանային արկ:

--00—ԼՄ