Ուկրաինացի պատգամավորը հայ ժողովրդին խաղաղություն է մաղթել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26 24News   

վոլոդինա

«Տեղեկատվական պատերազմների դարաշրջանում, որոնց պատվիրատուները մանրակրկիտ կերպով ձգտում են միմյանց դեմ տրամադրել ամբողջ պետությունների, կարևոր է պահպանել մտքի սթափությունը և սադրանքների չտրվել»,- այս մասին AnalitikaUA.net-ի հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ Դարյա Վոլոդինան։

«Ուկրաինա-թուրքական ռազմական համաձայնագիրը պատրաստվում էր վերջերս Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմից շատ ավելի վաղ, և որքան գիտեմ՝ ոչ մի կապ չունի այս հակամարտության հետ։

Առանձին քաղաքական գործիչների թեզերը Ադրբեջանին Ուկրաինայից ռազմական օգնության մասին հերքվել են ամենաբարձր մակարդակով, այնպես որ՝ այս թեմայով ցանկացած շահարկում բացարձակապես սպառված եմ համարում»,- ասել է քաղաքական գործիչը։

Պատգամավորը հայ ժողովրդին շուտափույթ խաղաղություն է մաղթել։

 

«Վստահ եմ, որ ճշմարտությունն անպայման կհաղթի, և անկեղծորեն հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղի երեխաները շուտով կկարողանան քնել իրենց մայրերի օրորոցայինների մեղեդու, ոչ թե խլացնող ռմբակոծության»,- ասել է Վոլոդինան։

Վոլոդինան ավելի վաղ արդեն դիմել էր հակամարտության կողմերին՝ կոչ անելով նստել բանակցությունների սեղանի շուրջ և պահպանել մարդկանց կյանքը։

 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս