Դատական նիստերը կարող են հեռավար անցկացվել. ԲԴԽ-ն նոր որոշում է ընդունել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26  24News 

դատ

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել՝ կորոնավիրուսի պատճառով բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով, դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերը էլեկտրոնային հավելվածների միջոցով հեռավար անցկացնելու մասին:

«Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17-րդ հոդվածը, Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշումը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացնել հեռավար/առցանց՝ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:

2. Հանձնարարել Դատական դեպարտամենտի ղեկավարին՝

1) ապահովել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործելու դատարանների նախագահների, դատավորների, դատարանների աշխատակազմերի ղեկավարների համապատասխան ցուցումների հիման վրա այն աշխատակիցներին, որոնց աշխատանքի արդյունքում պետք է ապահովվի դատարանների բնականոն գործունեությունը՝ նվազագույնի հասցնելով նրանց թվաքանակը.

2) ՀՀ դատարանների (դրանց նստավայրերի) գրասենյակներում սահմանել ամենօրյա հերթապահություն՝ ծանրաբեռնվածության հաշվառմամբ՝ նվազագույնի հասցնելով հերթապահ աշխատակիցների քանակը.

3) Դատական կարգադրիչների ծառայության միջոցով արգելել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործել բոլոր այն անձանց, ովքեր չեն հանդիսանում տվյալ օրը կոնկրետ դատարանում նախապես նշանակված դատական նիստերով դատավարության մասնակիցներ (ներկայացուցիչներ).

4) տեխնիկական հնարավորության դեպքում վերացնել իրավասու աշխատակիցների համար «Դատական համակարգ» ծրագրի հասանելիության տարածքային և ժամային սահմանափակումները:

3. Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ դատարաններին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին և Դատական դեպարտամենտին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ ընդունվելու է առավելապես էլեկտրոնային եղանակով (Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված էլեկտրոնային փոստի հասցեներով):

4. Դատարանների վարույթում գտնվող գործերի նյութերին ծանոթանալու իրավունքի իրականացումն ապահովել բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:

5. ՀՀ դատավորներին առաջարկել ընդունել էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը՝ հետագայում, ըստ անհրաժեշտության, դրանց բնօրինակները պահանջելու պայմանով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ:

  --00—ՄՀ