Դուդո՞ւկը նրան դարձրեց լեգենդ, թե՞ նա՝ դուդուկին. 90-ամյա Ջիվան Գասպարյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 27, 24News

Դուդո՞ւկը նրան դարձրեց լեգենդ, թե՞ նա՝ դուդուկին։ Այդ հարցը վիրտուոզ երաժշտին տվել են դեռ 50 տարի առաջ։  

Խոստովանում է՝ ճակատագիրը կանխորոշվեց, երբ առաջին անգամ լսեց դուդուկի ձայնը։ Սիրեց այն ու ինքնուրույն սովորեց նվագել 6 տարեկանից: Դուդուկի վարպետ. հենց այդպես են աշխարհում կոչում Ջիվան Գասպարյանին։ Փայտից պատրաստված երաժշտական այդ փոքրիկ գործիքով նա կարողացավ բացատրել աշխարհին`ինչ է դուդուկը։ Մարդ–լեգենդը, որը 75 տարի բեմում է, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տոնեց իր 90-ամյակը։

Հոբելյանական երեկոյին համերգասրահը լեփ լեցուն է երկպագուներով։ շնորհավորելու են եկել շատերը. Հասմիկ Պապյան, Արտո Թունջբոյաջյան․․․ 90-ամյակին դուդուկահարի կողքին է, իր իսկ բնորոշմամբ, անդավաճան ընկերը՝ «Յունիբանկը»։

Մշակութային տարբեր ծրագրերի աջակցող «Յունիբանկի» վարչության նախագահն ընդգծում է՝ այս կարևոր երեկոյի ընթացքում չէին կարող չլինել մեծ վարպետի կողքին։

Երաժիշտ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել դուդուկի վարպետին։

Համերգը ստեղծագործական կյանքի հանրագումարն է․ մի պահ վերհիշում է անցած ճանապարհը։

20 հազար համերգ, 31 միջազգային հեղինակավոր մրցանակ. նրա մեղեդին հնչել է 40 հայկական և արտասահմանյան ֆիլմերում, նրան լսել են աշխարհի բոլոր անկյուններում, իսկ 1947-ին մրցանակ է ստացել նույնիսկ Ստալինից` ժամացույց։

Ստեղծագործական թռիչքներով, ամենատարբեր կոչումներով, հանդիսատեսի սիրով ու ծափերով հագեցած մի ամբողջ կյանք... Դուդուկահարը, որը մեծացել է որբանոցում, այս ամենից հետո 90 տարեկանում ունի մեկ երազանք՝ դուդուկի դպրոց  հիմնել որբ ու աղքատ երեխաների համար: 

Տեսանյութեր

Live

Լրահոս