Արցախի անկախության ճանաչումն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Այսօր հանդիպել եմ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը՝ այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: 

«Ողջունել եմ ֆրանսիական պատվիրակության անդամներին և երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի ենթարկվող Արցախի Հանրապետությանը ցուցաբերված համերաշխության համար։

Բարձր եմ գնահատել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը` ուղղված կրակի դադարեցմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնմանը։

Ընդգծել եմ, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ տվյալ գործընթացը կգործարկի ագրեսիան զսպելուն և Բաքվի իշխանություններին խաղաղություն պարտադրելուն ուղղված միջազգային քաղաքական և դիվանագիտական մեխանիզմները:

Շեշտել եմ մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար»,- գրել է Մայիլյանը:

--00--ԱՀ