Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի, ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ռազմ

Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի։ Այդ մասին հոկտեմբերի 27-ի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներակայացուցչության և ՊՆ ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ՝ տվյալ անձնանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն»,- ասել է Վարդանյանը, ապա հայտարարել, որ ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ԼՄ