ՀՀ-ն փաստեր ունի Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի եւ վարձկանների մասնակցության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

պատերազմ

Հայաստանը փաստեր ունի Արցախի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի եւ արտասահմանյան վարձկանների մասնակցության վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Նա ժամանակագրական կարգով ներկայացրեց Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության միտումնավոր հանցանքների մասին տվյալների մի մասը (ամբողջությամբ ներկայացնելը խնդիր կլիներ մեծ ծավալի պատճառով):

Նրա խոսքով՝ կարելի է հաստատել, որ ագրեսիան սկսվել է դեռ ամռանը, երբ հուլիսի 12-17-ին ադրբեջանական ուժերը մոտոհրաձգային բրիգադի, հետեւակի եւ հատուկ նշանակության ջոկատների կազմով հարձակում գործեցին Հայաստանի մարտական դիրքերի վրա եւ խորը թիկունքում տեղակայված ոչ մարտական օբյեկտների վրա: Այդ իրադարձությունների փաստով հարուցվել է 38 քրեական գործ, որոնք հետագայում միացվել են մեկ քրեական գործում Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման, արգելված միջոցների եւ մեթոդների կիրառման, ենթականերին անօրինական հրամաններ արձակելու հոդվածներով: Հաջողության չհասնելով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ աջակցությամբ ագրեսիայի ակտ է մշակել եւ իրականացրել: Սկիզբը կարելի է թվագրել հուլիսի 29, երբ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են սկսել, որոնք տեւել են մինչեւ օգոստոսի 10-ը: Զորավարժությունների ավարտից հետո թուրք բարձրաստիճան սպաներն ու զինվորականները մնացել են Ադրբեջանում: Ընդ որում, մինչեւ մարտական գործողությունների սկիզբը՝ դեռ սեպտեմբերի սկզբին, զինծառայողներին հրաման է տրվել պատրաստվել Արցախի դեմ պատերազմին, իսկ սեպտեմբերի կեսերից երկրում մոբիլիզացիա է անցկացվել: Թուրք հրահանգիչները տեղում վարժանքներ են անցկացրել:

Սեպտեմբերի 26-ին ԶՈւ-ն հանվել է դիսլոկացիայի վայրից եւ տեղակայվել շփման գծի երկայնքով: Խիտ բնակեցված շրջաններում տեղակայվել են հրետանային կայանքներ, ընդ որում, հենց տների բակերում: Սպառազինության մատակարարների թվում են Բելառուսն ու Չեխիան:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան, կիրառելով հրետանի, ավիացիա եւ ԱԹՍ-ներ, հակառակորդն անցել է հարձակման՝ ագրեսիայի ակտ իրագործելով Արցախի նկատմամբ: Սեպտեմբերի 28-ից հակառակորդը հրետակոծել է Հայաստանի տարածքը՝ այդպիսով ոտնձգություն կատարելով ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ:

ՀՀ ՔԿ տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 26-ին մոտ 1000 թուրք զինվորականներ տեղափոխվել են Ադրբեջան: Սեպտեմբերի 28-ին տվյալներ են ստացվել իսլամիստների եւ ահաբեկիչների մասնակցության մասին: Արաբալեզու զինյալները դիվերսիոն ներթափանցման խնդիրներ են իրականացրել թուրքական արտադրության «Կոբրա» տեսակի թեթեւ զրահամեքենաներով: Սիրիայից խմբերը գործել են Հորադիզի շրջանում: Մոտ 300 արաբալեզու վարձկաններ մասնակցել են արեւելյան ուղղությամբ մարտական գործողություններին, ընդ որում, նրանք գործել են առանձնացված խմբերով: Կան տեղեկություններ նաեւ Սիրիայից եւս 800 զինյալների հնարավոր տեղափոխման մասին:

Հոկտեմբերի 1-ին Պակիստանից զինյալների մասնակցության մասին տեղեկություն է հայտնվել: Հոկտեմբերի 4-ին Գյանջայում են գտնվել Թուրքիայից առնվազն 300 զինծառայողներ: Ավելի վաղ նրանք գտնվել են Աֆրինում եւ Իդլիբում: «Փաստերը շատ են: Տվյալները ստացվել են՝ համագործակցելով ԱԱԾ-ի եւ ՊՆ-ի հետ»,-նշեց Վարդանյանը՝ ներկայացնելով վարձկանների մասնակցության որոշ ֆոտոապացույցներ:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս