«Թեթև դեպք». ինչո՞ւ ԱՄՆ-ին չհաջողվեց ԼՂ-ում հասնել կայուն հրադադարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

պատերազմ

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն արդեն մեկ ամիս է` շարունակվում են: Կրակի դադարեցման մասին համաձայնությունը, որ ձեռք է բերվել ԱՄՆ միջնորդական ջանքերի շնորհիվ, խախտվեց գրեթե անմիջապես: ՌԻԱ-Նովոստին անդրադարձել է ԼՂ-ում հրադադարի հաստատման փորձերին:

«ԱՄՆ-ն նպաստեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև արդյունավետ բանակցություններին: Մեր ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- թվով երրորդ հումանիտար հրադադարի մասին այսպես ազդարարեց Պետքարտուղարությունը:

Հաշվի առնելով հրադադարի համաձայնության խախտման նախորդ երկու փորձերը` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր անունից հայտնեց.

«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը վստահեցրել են, որ կպահպանեն հրադադարի պայմանները»:

Հակամարտությանը ներգրավվածություն ցուցադրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Իր կողմնակիցների հետ հանդիպմանը նա խոստացավ լուծել այս հակամարտությունը:

«Ես կարծում եմ, որ դա թեթև դեպք է, եթե գիտես` ինչ անել»,- ասաց նա` փորձելով շահել հայ ընտրողի համակրանքը:

ՌԴ նախագահը սատարեց հակամարտության կողմերին բանակցային սեղան վերադարձնելու նրա ջանքերին:

«Հուսով եմ, որ Վաշինգտոնը մեզ հետ միասին կաշխատի, կօգնի այս հակամարտությունը կարգավորել»,- ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուս կովկասագետ Նուրլան Գասիմովը չի կասկածում, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի միջնորդությունն ի սկզբանե անհաջողության էր դատապարտված: Նրա կարծիքով` այդ դադարները վերազինվելու և դիրքերն ամրապնդելու նպատակով են օգտագործվում:

Նա նշում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Վաշինգտոնը նախաձեռնող է եղել մեկ անգամ` 2001 թ.: ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի գործողություններն 90-ականներին կովկասագետը բացատրում է ոչ այնքան կողմերին հաշտեցնելու, որքան Կովկասում սեփական նավթագազային ներդրումների ապահովության ցանկությամբ:

ԱՄՆ և Կանադայի ինստիտուտի գիտական աշխատակից Պավել Կոշկինը ևս ամերիկյան խաղաղարարությունը կապում է նախընտրական դրության հետ` նշելով, որ ընտրություններից հետո ԱՄՆ-ն Կովկասի մասին չի էլ հիշի: Նրա կարծիքով` ամերիկացիների կողմից ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պասիվությունը բացատրվում է նրանով, որ այս հակամարտությունն ամերիկացիներին կառավարելի է թվում` ի տարբերություն Ուկրաինայի կամ Վրաստանի հակամարտությունների:

Կոշկինը կարծում է` ով էլ լինի Սպիտակ տան նոր առաջնորդը, ԼՂ նկատմամբ հետաքրքրությունը լուսանցքային է լինելու, սակայն կարծում է, որ սա այն քիչ թեմաներից է, որտեղ Վաշինգտոնը հենվում է Մոսկվայի կարծիքի վրա:

 

--00--ԱԹ