Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News

ю

Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեի գլխավորած պատվիրակությունը ոկտեմբերի 27-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Ինչպես տեղեկացրին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնից, Երևանի ավագանու անդամ, ԵՊԲՀ դասախոս Միքայել Մանրիկյանն ու կենտրոնի աշխատակիցը հյուրերին ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել առկա ժամանակակից սարքավորումները, որոնք նպաստում են վիրավոր զինծառայողների արդյունավետ վերականգնմանն ու լիարժեք ապաքինմանը:

«Ֆրանսիայի Սենատի անդամին ներկայացվեց նաև Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։

Բարեկամ երկրի՝ Ֆրանսիայից, ժամանած հյուրերը տեղեկացան, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մի շարք նվիրյալների ու բարերարների համատեղ ջանքերով:

Սենատի անդամ Ստեֆան Ռավիեին տեղեկացվեց նաև, որ «Զինվորի» տանը բուժում են ստանում ինչպես Արցախյան (1988-1994թթ.) առաջին պատերազմում, այնպես էլ Ապրիլյան (2016թ.) և 2020 թվականի պատերազմների ընթացքում վիրավորում ստացած զինվորները:

Ֆրանսիայի սենատոր Ստեֆան Ռավիեն տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Սենատի անդամին հաճելիորեն զարմացրեց նաև այն փաստը, որ մինչ այս պահը որևէ COVID-19-ի դեպք չի արձանագրվել վերականգնողական կենտրոնում։

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի սենատի անդամ Ստեֆան Ռավիեն վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս