Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը․ կան տուժածներ

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News

ստեփանակերտ

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը: Կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ: 

Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Այստեղ ևս նյութական վնասները շատ են: 

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծվել է նաև Մարտունու շրջանի Ննգի գյուղը: Կասետային ռումբերի հարվածի հետևանքով երեք կին վիրավորում է ստացել: Ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս:

--00--ԱՀ