Մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են, ինչն առաջացնում է ափսոսանք և անհանգստություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

քաղաքական

Չնայած նախկինում հրադադարի որոշման պայմանավորվածությանը, մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են, ինչն առաջացնում է ափսոսանք և անհանգստություն։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ տարածաշրջանում կրակի կայուն դադարեցում չկա։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Թուրքիայի մասնակցության թեման չի քննարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում։ Դա օրակարգում ընդգրկված չի եղել»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ