Զոհվածի կինը Երևանում ծննդաբերել է, ապա ամուսնուն հուղարկավորելու գնալիս վթարից մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

վթար

Հանուն հայրենիքի նահատակված սիսիանցի Վահե Քարամյանի կինը` Շուշանը,  երրորդ երեխային ծննդաբերելուց և Սիսիան վերադարձի ճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը։

«Վահեն Սիսիանից էր, զոհվել է հոկտեմբերի 19-ին, իսկ Շուշանը երեխային ունեցավ հոկտեմբերի 15-ին։ Երևի Շուշանի ապրումներից էր, որ երեխան շուտ ծնվեց՝ յոթ ամսական։ Վահեն խաղաղապահ զորքերում պայմանագրային սերժանտ էր։ Պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր»,- ասել է Վահեի հորեղբայրը, ապա պատմել, որ Շուշանի ծնողներն ու եղբայրը եկել էին Երևան՝ աղջկան ամուսնու հուղարկավորությանը տանելու, բայց Սիսիանի ճանապարհին տեղի է ունեցել վթարը։

«Ծնողները և եղբայրը փրկվել են, եղբոր գլուխն էր վնասվել, վիրահատել են։ Միայն Շուշանն է մահացել։ Նորածինը Երևանում է, հիվանդանոցում, բժիշկներն ասում են՝ լավ է։ Իմ տղան էլ 1,5 առաջ զոհվեց մարտական դիրքում։ Վահես ու Շուշանս շատ էին ուզում, որ իրենց երեխային կնքեինք իմ տղայի՝ Հայկի անունով։ Բայց չհասցրին։ Վահեն մինչև զոհվելն էլ, երբ իմացել էր, որ ծնվել է, ասել էր՝ անունը Հայկ ենք դնելու։ Բայց մեր նորածինը առայժմ ծննդյան վկայական չունի։ Տատիկն ու պապիկը ինչպես որոշեն, այդպես էլ կլինի»,- ասել է Սամվել Քարամյանը։

Ըստ աղբյուրի՝ Շուշանն ու Վահեն հուղարկավորվել են նույն օրը՝ կողք կողքի։

--00—ԼՄ