Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը կոչ է արել վերջ տալ ռազմական ծախսերին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 24News   

Թուրքիա

Թուրքիայում ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Միթհաթ Սանջարը նախօրեին խորհրդարանական նիստում անդրադարձել է Թուրքիայի զինուժին և ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի թեմային։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Սանջարը, ընդդիմանալով Թուրքիայի կողմից նոր զենքեր ձեռք բերելու վերաբերյալ բյուջե հատկացնելու ծրագրին, նշել է, որ այդ բյուջեն ոչ թե ժողովրդի, այլ նախագահական պալատի, պատերազմի և յուրայինների համար է նախատեսված։  

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ այդ բյուջեով երկրի ռեսուրսները հատկացվում են պատերազմի համար և երկրում խորացնում աղքատությունը։ 

Սանջարը կոչ է արել վերջ տալ Թուրքիայի ռազմական ծախսերին։

«Ես կարող եմ  մանրամասն ներկայացնել, թե այս բյուջեով որքան ռեսուրս է հատկացվում պատերազմի և անվտանգության համար, սակայն չեմ ցանկանում ձեզ խեղդել այդ թվերով։ Այսօր մեր գրպանից վերցված հարկի յուրաքանչյուր 4 լիրայից 1 լիրան ուղղվում է ռազմական ծախսերին և պատերազմական բյուջեին»,- ասել է նա:

--00--ԱԹ