Հայաստանը և Արցախը ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News 

Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Թուրքիայի ՊՆ հայտարարությանը։ Նա մասնավորապես գրել է․

«Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը:

Հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման և տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից:

Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություն հովանավորող երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի՝ իրենց երկրները միջազգային ահաբեկչության կենտրոն դարձնելու և այդ ժանտախտը տարածաշրջանով սփռելու համատեղ ջանքերը, որոնց դիմակայումն անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանային անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ուժերի սերտ համագործակցությունը: Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ»:
 

--00--ԱՀ