Սիրիայից մինչ օրս 2350 գրոհային է եկել Ադրբեջան ԼՂ-ում մարտերին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

Վերջին մի քանի օրվա ընթացքում 300 գրոհայիններից կազմված նոր խումբ է ժամանել Ադրբեջան: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։

«Թուրքիան դեռ փորձում է գրոհայինների հավաքագրել և ուղարկել Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատ, թեև նրանց մեծ մասը հրաժարվում է պայքարել ադրբեջանական ուժերի կողքին «դավանանքի տարբերության» գործոնի և բազմաթիվ մարդկային կորուստների պատճառով»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ Ադրբեջան ժամանած գրոհայիններից ոմանք անգամ տեղյակ չեն եղել, որ ադրբեջանական ուժերը շիա համայնքի ներկայացուցիչներ են: Այդ հանգամանքը ստիպում է գրոհայիններից շատերին վերադառնալ Սիրիա:

Ըստ կենտրոնի տվյալների՝ Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցելու համար Ադրբեջան ժամանած սիրիացի գրոհայինների թիվը հասել է առնվազն 2350-ի, որոնցից 320-ը հետ են գնացել իրավիճակին ծանոթանալուց հետո:

«Սեպտեմբերի վերջից մինչ օրս սիրիացի վարձկաններից 217-ը մահացել են մարտերում, որոնցից 138-ի մարմինն է տեղափոխվել Սիրիա»,- հայտնում են կենտրոնի մասնագետները: 

--00--ԱՀ