ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է տեղեկացնել ռազմական դրության կարգի խախտումների մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հորդորում է տեղեկացնել դազմական դրության պայմաններում սահմանված կարգի խախտումների եւ բացթողումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով իրականացվող կցագրումների, անհրաժեշտ հավաքագրումների, կամավորագրումների, ինչպես նաեւ դեպի Արցախի Հանրապետություն՝ համապատասխան անձանց տեղաշարժը կազմակերպելու, վերջիններիս պատշաճ դիմավորման, տեղակայման, զորահավաքային զինծառայողների ծառայության կազմակերպման, ամրակցված զենքի ու ռազմամթերքի կիրառման կանոնների պահպանման, նրանց նյութական ապահովվածության, մարտական ծառայությունը վերահսկելու, ինչպես նաեւ զորամասերի մարտական պատրաստականության բերման պլանով նախատեսված աշխատանքների նկատմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ գործընթացների մասով, առանձին դեպքերի հետ կապված, ստացվում են բացթողումների կամ իրավախախտման հատկանիշներ մատնանշող որոշակի փաստական տվյալներ՝ խնդրում ենք համապատասխան ուղղություններում արձանագրված անցանկալի դրսեւորումների վերաբերյալ բացառապես հավաստի եւ հստակ տեղեկություններ ունենալու դեպքում կապ հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այդ նպատակով գործող՝ 015579342 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ:

--00--ԱՀ