«Լա Սկալա»-յում ելույթի մասին երազող Գոռը վերջին երգը երգեց հոր կողքին՝ դիրքում. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

որդի

Արցախում զոհվել է Կոնսերվատորիայի ուսանող Գոռ Թումանյանը: Նրա հայրը «Առավոտ»-ին պատմել է Գոռի սխրագործությունների և չիրականացած երազանքների մասին: Հայրը ևս մեկնել էր Արցախ. վերջին 27 օրերին միասին են եղել:

«Գոռը մեզանից ուժեղ էր, մեզանից ավելի դուխով, ավելի պատրաստված, միայն պատրաստ էր, որ հրամանը կատարեր: Շատ ուժեղ էր, շատ ուրախ, իրեն «Քաջարի մարտիկ» մեդալի համար էին ներկայացրել մոտ 1,5 ամիս առաջ՝ մինչև պատերազմը, որովհետեւ դիրքի պահպանման համար գործ էր արել: Իր բոլոր կամանդիրները, ով տեսնում էր, ասում էր՝ ամեն մեկս մեր փայով պիտի խրախուսենք Գոռին, որովհետև նա լուրջ զինվոր է: 

Նույնիսկ նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, երբ որ նախագահը գալիս էր, Գոռին տանում էին, երգում էր: Ասում էր՝ Գո՛ռ ջան, ինչ լավ զինվոր ես: Էնքան գոհ էր, որ նույնիսկ մի անգամ զինվորներին շարել էր, ասել էր՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ»,-«Առավոտ»-ին պատմել է զոհվածի հայրը:

Տեսանյութերից մեկում երևում է, որ Գոռը երգում է փորված փոսերից մեկի մեջ: Հայրը պատմում է, որ հենց այդ փոսի մեջ էլ մահացել է որդին, 10 մետր այն կողմ ինքն է եղել, ոչ մի քերծվածք չի ստացել:

«20 տարի պահեցի, 20 վայրկյան չտևեց, մի վայրկյան, մի ակնթարթ էր… Գոնե լավ էր՝ չտանջվեց: Իր հետ եղած մյուս վիրավորները մահացան, ինքը լավ է՝ չտանջվեց, որովհետև ես էդ տանջանքը չէի կարող տանել»,-պատմում է որդեկորույս հայրը ու զարմանում՝ ո՞նց է ինքը ողջ մնացել ու առանց քերծվածքի...

Երգում է Գոռը: