Թուրքիան փորձում է կյանքի կոչել տարածաշրջանն ահաբեկչական կենտրոնի վերածելու աղետալի ձգտոմը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Զոհրաբ Մնացականյան

Հոկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Բոստիժո Բոնասոյի հետ:

Նախարարն իր ուրուգվայցի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ համապարփակ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող պատերազմական գործողություններին:

Արձանագրելով, որ ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվում են կենսական նշանակության ենթակառուցվածքների, այդ թվում, առողջապահական հաստատությունների հրթիռակոծմամբ՝ հանգեցնելով մեծաթիվ զոհերի և վիրավորների քաղաքացիական բնակչության շրջանում, նախարար Մնացականյանն ընդգծել է Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից բնաջնջելու ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ցեղասպան ձեռագիրը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ հրադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածություններին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորություններից միակողմանի հրաժարվելու ուխտադրուժ կեցվածքը՝ նշելով, որ այն ոչ այլ ինչ է, քան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականության շարունակական դրսևորում:

Զրույցի առանցքային թեմաներից էր Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն անմիջական սպառնալիք հանդիսացող Թուրքիայի բացասական դերակատարության աճը: Նախարար Մնացականյանը շեշտել է, որ սատար կանգնելով Ադրբեջանի կողմից մղվող պատերազմին, Թուրքիան փորձում է կյանքի կոչել տարածաշրջանն ահաբեկչական կենտրոնի վերածելու իր աղետալի ձգտումները:

Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

--00--ԱՀ