Ալիևի առաջարկում խարդավանք կա. Լաչինի միջանցքը վերահսկելով՝ Արցախը կգցի շրջափակման մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

զատուլին

«Взгляд» պարբերականի հետ հարցազրույցի շրջանակում ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Արցախում իր զորքերի առաջխաղացումը դադարեցնելու ծրագիրը։ 

Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս Ալիևը հայտարարել է, թե Բաքուն կդադարեցնի Ղարաբաղում իր առաջխաղացումը, եթե վերահսկողություն ստանա Լաչինի, Քարվաճառի և Աղդամի շրջանների նկատմամբ։ 

Ըստ Զատուլինի՝ Ալիևի առաջարկում խարդավանք կա, քանի որ, միայն Լաչինի միջանցքը վերահսկելով, Բաքուն արցախահայությանն ամբողջական շրջափակման մեջ կգցի։ Զատուլինը նաև կարծում է՝ Ալիևի առաջարկները 2 նպատակ են հետապնդում՝ առաջինը ԼՂ-ի վերադարձ, երկրորդ՝ ձևացնել, թե ադրբեջանական կողմը չի հրաժարվում կրակի դադարեցման պայմանավորվածությունից:

«Հայերի կողմից վերահսկվող Լաչինի և Քարվաճառի շրջանները մեծ կարևորություն ունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք են...

Պահանջելով Լաչինն ու Քարվաճառը՝ Բաքուն փորձում է մեկուսացնել ԼՂ-ն: Փոխարենը կարգավիճակի հարցում որևէ առաջընթաց չկա: Բաքուն շարունակում է ԼՂ-ի մասին խոսել որպես իր անքակտելի մաս, և եթե դա այդպես է, ապա ինքնավարության, հայերի և ադրբեջանցիների համատեղ հանգիստ ապրելու մասին խոսքերը ոչինչ չարժեն»,-ասել է Զատուլինը:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ-ում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Արցախում սեպտեմբերի 27-ից հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունները շարունակվում են: Այս պահին ինտենսիվ մարտեր են ընթանում հարավային ճակատում:

--00—ԼՄ