Արևելագետ շրջանավարտները կվճարեն ԵՊՀ-ի իրենց ֆակուլտետի՝ զինվորագրված ուսանողների վարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

զինվոր

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այս պահին սովորող այն ուսանողները, որոնց ծնողները զինծառայողներ են, ինչպես նաև ռազմաճակատում գտնվող, զորակոչված կամ կամավորական ուսանողների ուսման վարձը մասնակի կամ ամբողջությամբ կվճարեն նույն ֆակուլտետի շրջանավարտները: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է նախաձեռնության հեղինակ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ աղբյուրի՝ նա հանդես է եկել կոչով՝ ուղղված արտերկրում գտնվող նախկին շրջանավարտներին: Արձագանքը սպասեցնել չի տվել, արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտները, Սուրեն Մասումյանը, Սարգիս Մակարյանը, Արթուր Դումանյանը, Արթուր Աթաբեկյանը, Թադևոս Չարչյանը, Արտակ Մխոյանի ընտանիքը, հիմնականում ԱՄՆ-ից, ՌԴ-ից, իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու:

«Ես և ֆակուլտետի նախկին շրջանավարտները, իմ ընկերները, որոշեցինք հանդես գալ մի նախաձեռնությամբ, որով կաջակցենք ռազմաճակատում գտնվող մեր զինծառայողների ուսանող երեխաներին, ինչպես նաև այն ուսանողներին, ովքեր այս օրերին ռազմաճակատում են: Լիահույս եմ, որ մեր պետությունը հարկ եղած ուշադրությունը ցույց կտա զինծառայողների, զինվորների ընտանիքներին, սակայն այս նախաձեռնությամբ նպատակ ունենք ոչ միայն նպաստել ֆինանսական խնդրին, այլև բարոյական ևս մեկ լիցք հաղորդել մեր հերոսական բանակին՝ ցույց տալով, որ մենք նրանց և նրանց ընտանիքների կողքին ենք:

Դրանից բացի՝ սա նաև ֆակուլտետի սերունդների կապի հարցն է. արևելագիտության ֆակուլտետը 2000-ականների սկզբներին ավարտած մարդիկ այս միջոցով խրախուսում են այսօրվա ուսանողներին՝ կոչ անելով ավելի հաստատակամ լինել իրենց ուսման մեջ, յուրացնել այս կարևոր մասնագիտությունը` արևելագիտությունը, հետագայում ի սպաս դնելու մեր պետականության համար»,- ասել է Ռուբեն Մելքոնյան, ապա հավելել, որ նախաձեռնությունը ուզում են դարձնել յուրահատուկ «challenge», որպեսզի այլ ֆակուլտետների շրջանավարտները ևս փորձեն ֆինանսապես և բարոյապես նեցուկ լինել առաջնագծում մարտնչող զինվորների ընտանիքներին:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս