Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը.

Հարց – Ի՞նչ կարող եք իրապես ակնկալել ԵՄ-ից՝ իմանալով, որ ԵՄ որոշ եվրոպական երկրներ արգելափակում են Թուրքիայի նկատմամբ այլ թեմաներով սանկցիաները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել և այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը նույնպես ունի: Բայց Դուք ինձ հարց եք տալիս տեղի ունեցողի մասին, ես պատասխանում եմ՝ ինչ է տեղի ունենում: Որովհետև այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք: Եթե վերջին տարիներին ընդհանրապես տեսնում եք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, այս պատերազմը Եվրոպայում շուտ է սկսել: Եվ ամեն օր ընթանում է: Եթե Դուք չեք նկատում այդ պատերազմը, եթե այնտեղ, ասենք, հեռահար հրետանի չի աշխատում, դա դեռ չի նշանակում, որ այդ պատերազմը չի սկսվել: Այդ պատերազմը տեղի է ունենում: Այլ բան, որ կան ուժեր, որոնք գիտեն հետևյալը՝ Եվրոպան արդեն մոտավորապես 60 և ավելի տարի ապրում է բարեկեցության մեջ, և այդ բարեկեցությունը թույլ չի տալիս նկատել այն պատերազմը, որ այսօր տեղի է ունենում Եվրոպայում: Որովհետև քանի դեռ ռումբերը չեն պայթել՝ բակերում, տներում, բարեկեցիկ մարդը հակված է ավելի շատ wishfull thinking տրամաբանությամբ առաջնորդվել, և դա շատ լայն դաշտ է բացում շատ ուժերի համար:

Հարց - Ի՞նչ պատերազմ նկատի ունեք, որ այսօր տեղի է ունենում Եվրոպայում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում: Տեսեք, թե ինչ տոնայնությամբ է խոսում Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահի մասին: Դուք կարո՞ղ էիք երբևէ մտածել, թե որևէ երկրի նախագահ, կամ որևէ երկրի պաշտոնական ներկայացուցիչ կարող է, օրինակ, Ֆրանսիայի և Ֆրանսիայի նախագահի հասցեին խոսել այդպես և այդ տրամաբանությամբ: Ո՞վ կարող էր այդպիսի բան մտածել 15 տարի առաջ, նույնիսկ սառը պատերազմի տարիներին: Ես չգիտեմ դեպք, երբ Խորհրդային միության որևէ ղեկավար, օրինակ, Ֆրանսիայի կամ եվրոպական որևէ երկրի ղեկավարի հասցեին այդպիսի արտահայտություն թույլ տար: Դա ի՞նչ է, եթե ոչ պատերազմ: Այլ բան է՝ դուք ուզո՞ւմ եք նկատել այդ պատերազմը, թե՞ չեք ուզում նկատել: Ինչքան չնկատեք, այն ձեզ համար ավելի ու ավելի նկատելի կդառնա: Այո, մարդկանց գլուխներ են կտրվում այսօր Եվրոպայի փողոցներում և բոլորը երջանիկ են նրանից, որ իրենց գլուխը չի կտրվել: Ես դա անվանում եմ ցեղասպանության մեխանիկա: Եթե այս անգամ որևէ մեկի գլուխը չի կտրվել, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ այդ նույնը տեղի չի ունենա: Եվ հստակ կա, դրա արձագանքներից մենք տեսնում ենք, թե որտեղ է այն էներգետիկ կենտրոնը, որտեղից այդ ամեն ինչը քաջալերվում է:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ