Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը.

Հարց - Այս պատերազմն ագրեսիայի նոր մակարդակի բարձրացավ Ձեր իշխանության գալուց հետո: Կա՞ արդյոք մի բան, որը կարող էիք անել՝ դա կանխելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան -Իրավիճակն իրականում չի փոխվել սկսած 2011 թվականից: Խնդիրն այն է, որ հարցը հնարավոր է լուծել փոխզիջումով, և 2011 թվականից մենք ի՞նչ իրավիճակ ունենք: Բնականաբար, փոխզիջում նշանակում է համաձայնվել մի բանի, որն ի սկզբանե այդքան էլ ընդունելի չէ քեզ համար: Եվ 2011 թվականից մենք ունենք այսպիսի դինամիկա: Այն, ինչ որոշակի զիջման արդյունքում ընդունելի է դառնում Հայաստանի համար, հենց այդ պահից անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և Ադրբեջանն ակնկալում է, որ հայկական կողմը, Ղարաբաղը ավելի շատ զիջի: Սա է Ձեր ասած ագրեսիվության բռնկման պատճառը: Որովհետև, իհարկե, փոխզիջում, բայց չեն կարող, մի կողմից (Հայաստան- հեղինակի կողմից), այդ զիջումները լինել անվերջ, իսկ, մյուս կողմից (Ադրբեջան- հեղինակի կողմից), չշարժվեն ընդհանրապես: Միայն այն պատճառով, որ մի կողմն ավելի շատ փող ունի՝ ավելի շատ զենք գնելու համար:

Եվ ես կարող եմ պատասխանել Ձեր հարցին հետևյալ կերպ: Ի՞նչը կարող էի այլ կերպ անել, որպեսզի այս պատերազմը տեղի չունենար: Ես կարող էի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շահն ընդհանրապես չպաշտպանել, զիջել: Բայց արդյոք դա կկանխե՞ր պատերազմը: Այս տրամաբանությամբ՝ ոչ: Որովհետև այդ զիջման նվազագույն կետում Ադրբեջանը պետք է պահանջեր ավելին: Ես վերջերս զուգահեռ բերեցի Մյունխենի համաձայնագրի և մեր իրավիճակի միջև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ: Եվրոպայի տերությունները մտածում էին, որ երբ Չեխոսլովակիան զիջեն Հիտլերին, կհագեցնեն նրա ախորժակը, և պատերազմը տեղի չի ունենա: Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրա արդյունքում՝ Հիտլերը կուլ տվեց Չեխոսլովակիան: Եվ գործեց մյուս ասացվածքը՝ երբ ասվում է, որ «ախորժակն ուտելիս է բացվում»: Այո, եթե Չեխիան չզիջեին եվրոպական լիդերները, և պատերազմ սկսեր, Ձեզ նման լրագրողներ կհավաքվեին ու կասեին՝ դուք ի՞նչ չարեցիք, Չեխիան չզիջեցիք, մի Չեխիայի պատճառով ամբողջ Եվրոպան, աշխարհը մտցրեցիք պատերազմի մեջ: Եվ նրանք էլ գլուխները կախ կասեին՝ հա երևի պետք էր Չեխիայի հարցում մի քիչ ավելի ճկուն լինել: Եղան ճկուն, դա ի՞նչ բերեց: Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ