Թշնամին հիմա մոտ չէ Շուշիին, բայց ոչ միայն Շուշիին, այլ ողջ Արցախին է վտանգ սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Արցախի հյուսիսում հակառակորդի հարձակման փորձը տապալվել է, հարավային և կենտրոնական ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ առայժմ պետք չէ խոսել պատերազմի փուլերի կամ վերջի մասին։ Ամենակարևոր փուլն այն է, ըստ նրա, որ մենք կոտրել ենք հակառակորդի հարձակողական թափը։

Հովհաննիսյանը դեռևս նպատակահարմար չի գտնում խոսել հայկական զորքերի առաջխաղացումների մասին՝ ընդգծելով, որ գործողությունները հաճախ բազմաքայլ են, որոնցից բխում են այլ քայլեր։ 

«Գերադասում եմ չներկայացնել Բերձորի առաջընթացը։ Կան քայլեր, որոնք արվում են կոնկրետ նպատակով՝ այլ գործողությունների վրա ազդելու համար։ Կուբաթլույում կան բլուրներ, դիրքեր, որոնք փոփոխվել են ու փոփոխվում են։ Երբ առարկայորեն նպատակահարմար կգտնենք առանձին տեղամասի մասին խոսել, կխոսենք։ Քարտեզում կան ոչ այնքան մեծ, բայց որոշակի փոփոխություներ հօգուտ մեզ»,- նկատել է նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ հակառակորդը քիչ ջանքեր չի դնում նաև դիվերսիոն խմբերի վրա, թեև ընդգծում է, որ կիրառվող զենքերի տեսականին ու քանակը զգալի քչացել է, մարտերի ինտենսիվությունը՝ թուլացել։ 

«Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ հեշտացել է։ Ամբողջ Արցախին է վտանգ սպառնում, ոչ միայն Շուշիին, սակայն հիմա հաստատ Շուշիին մոտ չեն»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ