ԱԱՏՄ–ն ուժեղացված համաժամանակյա ստուգայց է անցկացրել Երևանում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News 

ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր համաժամանակյա ուժեղացված ստուգայց է անցկացրել Երևանի ողջ տարածքում։ Շուրջ 250 անակնկալ ստուգայցի միջոցով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում միաժամանակ դիտարկվել է՝ որքանո՞վ են ամենատարբեր ոլորտներում գործող տնտեսավարողների կողմից պահպանվում համավարակի տարածումը կանխելու նպատակով հաստատված անվտանգության նորմերը։

Ստուգայցին ԱԱՏՄ գլխամասի ու Երևանի տարածքային կենտրոնի մասնագետներից բացի ներգրավվել են նաեւ մարզային ստորաբաժանումների խմբերը, ընդհանուր՝ շուրջ 5 տասնյակ աշխատող։ «Խոշորացույցի» տակ են առնվել մանրամեծածախ առեւտրի տասնյակ կենտրոններ, դեղատներ, վարսավիրանոցներ, գրասենյակներ։

Ուշագրավ է, որ այսօր ԱԱՏՄ ստուգայցերը կորոնավիրուսի տարածումը կանխելու անվտանգության կանոնների  լուրջ, համակցված խախտումներ չեն արձանագրել։  Վերջին շրջանում եւս արձանագրվող թերություններն առավելապես ենթակա են տեղում շտկման, եւ ԱԱՏՄ տեսուչների կողմից դրանք անհապաղ վերացնելու ցուցում է տրվում։

Հիմնականում չեն պահպանվում ախտահանման և ջերմաչափման, դրանց գրանցամատյանների պատշաճ վարման, ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկման ու դրանից առաջ տարածքի ախտահանման, դիմակները պատշաճ չկրելու, փակվող՝ ոտնակով աղբաման ունենալու կանոնները։ Երբեմն նշանակված չեն լինում COVID-19 տարածման հսկողության պատասխանատուներ։

  --00—ՄՀ