Մեր պահանջն է՝ ոչ մի մետր հող չզիջել թշնամուն. զոհված կամավորական Բագրատ Սալումյանի կին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

պատերազմ

Հոկտեմբերի 2-ին Արցախում զոհված գավառցի Բագրատ Սալումյանն ու կինը՝ Խանում Խաչատյանը, ընդամենը մի երազանք ունեին՝ տղա երեխա ունենալ: Բայց շատերի նման պատերազմն Սալումյանների նոր կազմած ընտանիքի պլանները նույնպես անավարտ թողեց:

«Սեպտեմբերի 27-ի առավոտն էր, ամուսինս աղավնիներին կեր էր տալիս, մոտեցա ու ինքս էլ ասացի՝ Արցախում պատերազմ է: Առանց մի պահ վարանելու ասաց՝ ես պետք է ռազմաճակատ մեկնեմ: Երեկոյան զրուցում էինք՝ ես, Բագրատը, սկեսուրս: Ասացի՝ Բագրատ՝ հիմա ուրեմն մեզանից թանկ ուրի՞շ բան ունես, որ մեկնում ես: Ջղայնացավ, ասաց՝ եթե բոլորն այդպես մտածեն, բա երկիրն ո՞վ է պաշտպանելու: Թողնենք՝ գան, հասնեն մեր տո՞ւն»,- 24News-ի հետ զրույցում նշում է Բագրատի այրին: 

Հաջորդ օրն առավոտյան՝ սեպտեմբերի 28-ին, նա արդեն զինկոմիսարիատում էր, կամավորագրվել էր ու մեկնել ճակատ: Կինը հիշում է՝ առաջին օրը, երբ զանգել է, տրամադրությունը շատ բարձր է եղել, երկու օր անց նորից է զանգել՝ ասել, թե երիտասարդ տղաների մահը վրան շատ է ազդել, բայց վստահեցրել է՝ հաղթանակը մերն է լինելու:

Տան անդամներին մինջև վերջ էլ չի ասել, թե որտեղ է գտնվում: Հորաքրոջ տղային էլ ստել ու փոխանցել է, թե Քարվաճառում է: Զոհվելուց հետո սակայն իմացել են՝ Աղդամում է եղել: Բագրատի զոհվելու լուրը հարազատներին հոկտեմբերի 5-ին է հասել միայն: «Երբ հրետակոծել են, ամուսինս վիրավորվել է, գոռացել է՝ աչքս, աչքս: Ու երբ  լուրը մեզ հասավ, ասացին, թե աչքն է վնասվել, այնինչ զոհված է եղել: Ու քանի որ պայթյունի ժամանակ զինգրքույկը գրպանից ընկել է, դիահերձարանում նրան որպես անհայտի են գրած եղել: Երբ արդեն լսել էինք, որ վիրավորում է ստացել, բայց չգիտեինք՝ որ հոսպիտալում է, հայրս սկսեց շրջել բոլոր հոսպիտալներով, այնուհետ, հուսահատված արդեն, դիահերձարաններին էր անցել, ու գտել մարմինը»,- հուզված պատմում է հերոսի կինը:

Խաղաղության աղավնիներ խնամող,  բայց խաղաղությունն այդպես էլ չտեսած 38-ամյա Բագրատի կնոջ ու մոր կյանքը երկու մասի է բաժանվել՝ հոկտեմբերի 5-ից առաջ ու հետո: Ոչինչ չենք զգում, ասում է այրին, ուղղակի ապրում ենք: Միակ բանը, ինչին սպասում ենք, հավելում է, հաղթանակն է: «Երբ լսում ենք, թե տարածքներ տան, որ խաղաղություն լինի, ասես երկրորդ անգամ նույն ցավը զգանք: Ի՞նչ զիջում, ի՞նչ տարածք, մեր ամուսիններն ու որդիները դրա՞ համար զոհվեցին, իզո՞ւր տեղը նահատակվեցին: Մեր պահանջն է՝ ոչ մի մետր հող չզիջել թշնամուն, այլապես եթե հող էիք տալու, ինչո՞ւ զոհվեց իմ ամուսինը: Ինչո՞ւ արդեն հազարից ավելի զոհ կա, առանց այդ զոհերի տայիք էդ հողերն, էսքան բանն էլ չէր լիի: Ամեն մի զինվորի մահվան լուրի հետ նորից ենք վերապրում ամեն ինչ, կուչ ենք եկել, կես մարդ դարձել, ի՞նչ հող հանձնել»,- ընդգծում է հերոսի այրին:

Վրույր Սևակ

--0--ԿԿ