ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի ճանաչումը նախադեպ է Արցախի համար. The National Interest

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31,  24News 

Արցախ

Եթե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքը որևէ բանի նախադեպ պետք է ստեղծի, ապա դա այն է, որ աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի, մինչ պետությունները մարդկության դեմ խոշոր հանցագործություններ են կատարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The National Interest-ը հրապարակել է Ալեքս Գալիցկու ծավալուն հոդվածը՝ Արցախի թեմայով:

Հոդվածագիրը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր քարոզարշվի ընթացքում Հարավային Կովկասում հումանիտար ճնգնաժամը լուծելու՝ հայերին ուղված իր խոստման մեջ վկայակոչել է Կոսովոյի դեպքը: Նշվում է, որ դրանով Թրամփը, հնարավոր է, ակամա Արցախի ճանաչումն ընդունել, համարել է որպես հայերի դեմ Ադրբեջանի տասնամյակների ագրեսիայի լուծում:

Հոդվածում շեշտվում է, որ միջազգային իրավունքի համաձայն, տարածքային ամբողջականությունը, որպես կանոն, համարվում է անձեռնմխելի, բացառությամբ որոշակի հանգամանքների: Նշվում է նաև, որ վերականգնողական անջատման իրավունքի սկզբունքն ամրագրված է միջազգային իրավունքի բազմաթիվ փաստաթղթերում, բայց միայն Կոսովոյի անկախության հռչակագրով և 2008-ին դրան հաջորդող ճանաչմամբ այդ տեսությունը կիրառվեց գործնականում:

Հոդվածագիրը նկատել է, որ Կոսովոյի նման, Արցախը Ադրբեջանի կողմից ենթարկվում է էթնիկ զտումների դաժան արշավի: Արցախը վաստակել է նաև իր ինքնիշխանությունը ՝ անկախության հասնելով ժողովրդական հանրաքվեի և զարգացած կառավարման ինստիտուտների միջոցով, որոնք երեք տասնամյակ ապահովել են խաղաղություն և ժողովրդավարություն: «Եվ վերջապես, Ադրբեջանի կողմից ցեղասպանության սպառնալիքի ներքո, անկախությունը մնում է միակ հանգրվանը, որը կարող է պաշտպանել Արցախի բնիկ հայ բնակչության գոյությունը»,- ասված է հոդվածում:

Հոդվածում հիշեցվում է, թե պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին նշել է, որ Արցախի և Կոսովոյի միջև հիմնական տարբերությունն այն է, որ Կոսովոն մի ժամանակահատված ենթարկվում էր ՄԱԿ-ի կառավարմանը, որը «նախատեսում էր իր վերջնական կարգավիճակի մասին որոշում»: Հոդվածագիրը նկատել է՝ պարզ է դառնում, որ երկու դեպքերի միակ անհամապատասխանությունը աշխարհագրությունն է:

Հոդվածագիրը նկատել է, որ Էրդողանի Թուրքիան դադարել է ժողովրդավարության դիմակ հագնելը և բացահայտել է իրեն՝ որպես ընդարձակողական բռնապետ, որը ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Թուրքիան Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները համարում է տարածաշրջանում իրենց ընդհանուր պանթուրքական տեսլականի կարևոր մասը:

«Ամեն ինչից վեր է արցախահայության գլխին կախված ցեղասպանության սպառնալիքը: Եթե Կոսովոյի դեպքը որևէ բանի նախադեպ պետք է ստեղծի, ապա դա այն է, որ աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի՝ մինչ պետությունները մարդկության դեմ խոշոր հանցագործություններ են կատարում»,- նշվում է հոդվածում:

Շեշտվում է, որ Ադրբեջանը հասկացրել է, որ իր ցանկալի արդյունքը Արցախում հայկական ներկայության վերացումն է: Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի ղեկավարները խթանել են հակահայկական հռետորաբանությունը:

Նշվում է նաև այն փաստը, որ այս պատերազմում Ադրբեջանը, Թուրքիայի օժանդակությամբ, տեղակայել է օտարերկրյա ջիհադիստ վարձկանների, ապօրինի կասետային զինամթերք է օգտագործել խաղաղ բնակիչների դեմ, թիրախավորել է դպրոցներ, հիվանդանոցներ և եկեղեցիներ: Թուրքիայի աջակցությունն ունեցող Ադրբեջանը հետաքրքրված չէ դիվանագիտական լուծմամբ:

«Պարզ է, որ ցեղասպանության սպառնալիքի պայմաններում Արցախի անկախության ճանաչումը միակ կենսունակ տարբերակն է`ապահովելու տարածաշրջանի հայ բնակչության հիմնարար իրավունքները»,- եզրափակում է հոդվածագիրը:

Ալեքս Գալիցկին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հաղորդակցման գծով տնօրենն է:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ