Երբ ՀՀ-ի համար որևէ փոխզիջում դառնում է ընդունելի, Ադրբեջանի համար դառնում է անընդունելի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին: Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

Al Arabiya - Պարոն Փաշինյան, ո՞րն է այս հակամարտության լուծման Ձեր տեսլականը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Առաջինը՝ պետք է ռազմական գործողությունները դադարեն, որովհետև ռազմական գործողությունների պայմաններում դժվար է պատկերացնել դիվանագիտական լուծում: Որից հետո պետք է տեղի ունենան առարկայական բանակցություններ լուծումների վերաբերյալ, այնպես, ինչպես նախատեսված է Մոսկվայի՝ հոկտեմբերի 10-ի հայտարարության մեջ, որն ընդունվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից:

Al Arabiya - Այս անգամ ի՞նչը կարող է համոզել Հայաստանին նստել և բանակցել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել բանակցությունների, միշտ էլ պատրաստ ենք բանակցությունների և միշտ էլ պատրաստ ենք եղել փոխզիջումների: Պրոբլեմն ուրիշ բանում է՝ այն պահին, երբ Հայաստանի համար որևէ փոխզիջում դառնում է ընդունելի, Ադրբեջանի համար այդ փոխզիջումն անմիջապես դառնում է անընդունելի: Ես Ձեզ կարող եմ բերել 2011 թվականի Կազանի օրինակը: Գիտեք, հայկական կողմի համար կարևորագույն խնդիր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ավելի կոնկրետ՝ անկախության, ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը: Բայց 2011 թվականի, այսպես կոչված, Կազանյան պրոցեսի ընթացքում հայկական կողմը համաձայնվել էր Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հետ, որը վերջնական կարգավիճակ չէր, այլ ընդամենը միջանկյալ կարգավիճակ: Այսինքն՝ իր նախնական նշաձողից որոշակիորեն հետքայլ էր կատարել՝ կոմպրոմիսի հասնելու տրամաբանությամբ: Բայց վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ընդունել այդ կոմպրոմիսը և ավելի խիստ պայմաններ առաջադրեց հայկական կողմին: Այս պրոցեսն է, որ թույլ չի տվել և միչև օրս էլ թույլ չի տալիս հասնել դիվանագիտական լուծման:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս