ԼՂ հայությունն անկախության ձգտել է Խորհրդային Ադրբեջանում գոյութենական վտանգի պատճառով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News 

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին: Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

Al Arabiya - Պարոն Փաշինյան, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լավ հարաբերություններ ունեն հայերի հետ, և իրենք անպայման կօգնեն նրանց: Ինչպե՞ս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունները: Որովհետև ինչ հայտարարություններ արել է նախագահ Թրամփը, այդ հայտարարություններին պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ, գործողություններ, որպեսզի ես կարողանամ դա մեկնաբանել: Այն, որ հայերը Միացյալ Նահանգներում շատ տեսանելի և ազդեցիկ ուժ են, դա հասկանալի է: Իսկ թե ինչ կոնկրետ գործողություն և աջակցություն կցուցաբերեն Միացյալ Նահանգներն այս գործընթացին, ցույց կտա ժամանակը:

Al Arabiya - Պարոն Փաշինյան, Ձեր թվիթներից մեկում Դուք նշել եք, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի պահանջները միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավոր չեն և կոչ արեցիք ճանաչել և առերեսվել պատմական իրողությունների հետ: Միջազգային իրավունքի ի՞նչ դրույթների վրա եք Դուք հիմնվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, շատ կարևոր է, որ մենք իմանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը: Իմիջիայլոց, 2 կամ 1 օր առաջ շատ կարևոր բան տեղի ունեցավ: Ցավոք, շատ դեպքերում փորձ է արվում Ղարաբաղի հարցը ներկայացնել որպես տարածքային վեճ, այսինքն՝ վեճ, որտեղ կա 2 կողմ: Մի կողմն ասում է՝ այս հողը մերն է, մյուս կողմն ասում է՝ այս հողը մերն է: Բայց իրականում այս կոնֆլիկտը կապ չունի այդպիսի պնդումների հետ: Ի՞նչն էր կարևոր:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, 2 օր առաջ ելույթ ունենալով «Վալդայ» ակումբում, հայտարարեց, որ սա ծագել է ոչ թե որպես տարածքային վեճ, այլ որպես էթնիկ կոնֆլիկտ: Ցավոք, քանի որ հակամարտության պատմությունը բավական երկար է, միջազգային հանրությունը շատ հաճախ կորցնում է սկզբնաղբյուրը և ընկալումը, թե այս ինչ պատմություն է Ղարաբաղի հարցը: Իսկ Ղարաբաղի հարցն այս փուլում ծագել է 1988 թվականին, երբ Խորհրդային Միությունում սկսվել էին ժողովրդավարացման պրոցեսներ: Այդ ժամանակ կար Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որի բնակչությունը 80 տոկոսով հայերն էին: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը, օգտվելով Խորհրդային Միության ժողովրդավարացման գործընթացներից, որոշեց բարձրաձայնել իր խախտված իրավունքների հարցը:

Իսկ որո՞նք էին իրենց խախտված իրավունքները: Խորհրդային Միության ձևավորման պրոցեսում՝ արդեն 1920-ական թվականներին, էլի 80 և ավելի տոկոս բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի՝ Ստալինի կայացրած կամայական որոշման արդյունքում: Եվ Լեռնային Ղարաբաղի հայությունը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանը որոշեց բարձրաձայնել այդ հարցը և բացարձակապես խաղաղ քաղաքական պայքարի միջոցով փորձել լուծել այդ խնդիրը, կարգավիճակի խնդիրը, ինչին Խորհրդային Միությունը և Խորհրդային Ադրբեջանը պատասխանեցին բռնություններով: Եվ այդ բռնություններն առաջինը արտահայտվեցին ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում՝ հայերի նկատմամբ ձեռնարկված բռնություններով և սպանություններով: Սա կոնֆլիկտի առաջին փուլն էր:

Հաջորդ փուլը զարգացավ Խորհրդային Միության փլուզման իրավիճակում: Եվ, ըստ Խորհրդային Միությունում գործող կարգերի, եթե խորհրդային հանրապետություններից մեկն ստանում է անկախություն, նրա կազմում գտնվող ինքնավար միավորումները, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է, կարող էր որոշում կայացնել իր կարգավիճակի վերաբերյալ: Որովհետև նրանք միասին էին ընդգրկվել Խորհրդային Միության կազմում՝ ոչ թե միասին էին ընդգրկվել, այլ միասին ունեին սուբյեկտություն Խորհրդային Միության կազմում: Երբ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, Լեռնային Ղարաբաղն էլ իր հերթին հռչակեց իր անկախությունը: Եվ ինչպես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Ադրբեջանն է անկախացել Խորհրդային Միությունից, նույն տրամաբանությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է անկախացել Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից:

Այո, մինչ այսօր միջազգային հանրությունն այդ փաստը, այդ անկախացումը չի ճանաչել: Եվ կոնֆլիկտի էությունը կամ պայքարը հենց դրա մեջ է. Լեռնային Ղարաբաղի հայությունը պայքարում է, որ իր ինքնորոշման իրավունքը ճանաչվի միջազգային հանրության կողմից: Սա է ամբողջ պատմությունը: Բայց շատ կարևոր է հասկանալ այդ անկախացման պատճառը, պատճառահետևանքային կապը: Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ թե անկախության է ձգտել ուղղակի քմահաճույքի համար, այլ պարզապես Խորհրդային Ադրբեջանի կազմում ինքն ունեցել է գոյութենական վտանգի խնդիր, ինչն արտահայտվել է նախ մշակութային ցեղասպանության երևույթներով, 1988 թվականի խաղաղ պայքարից հետո՝ արդեն բռնություններով, 1991 թվականից հետո արդեն լիարժեք ռազմական հարձակմամբ:

Հիմա էլ մենք այսօր տեսնում ենք, որ Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը հրթիռակոծվում են: Ըստ էության, բոլորի համար ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը, որը, ընդգծեմ, միշտ եղել է բնակչության 80 և ավելի տոկոսը, չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում: Չի կարող գոյություն ունենալ: Եվ այս իրադարձությունները, երբ Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործվում են ահաբեկիչներ և ահաբեկչական մեթոդներ, ևս մի փաստով և փաստարկով է լրացնում Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքը, որը միջազգային իրավունքի մեջ ընդունված է ձևակերպել որպես «անջատում հանուն փրկության»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ