Հանուն Արցախի անկախության. ԱՄՆ-ում հայերը 7-օրյա հացադուլ են կազմակերպել

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ակցիա

Լոս Անջելեսում հայ երիտասարդները նոր ակցիաներով են պայքարում Արցախի ճանաչման համար։ 7-օրյա հացադուլ են կազմակերպել՝ պահանջելով Ամերիկայի ղեկավարությունից ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել զինամթերքի վաճառքը Ադրբեջանին և Թուրքիային։ Հացադուլը սկսել են շաբաթվա սկզբից, շարունակելու են մինչև կիրակի՝ ակցիան ավարտելով համահայկական երթով՝ դեպի Ադրբեջանի հյուպատոսարան։

«Օրվա ընթացքում տարբեր ակցիաներ ենք իրականացնում՝ ներգրավելով մեր մյուս անդամներին, հայրենակիցներին։ Առաջին օրը կոչ արեցինք, որ պետք է դադարեցնել թուրքական ապրանքի վաճառքը հայկական խանութներին։ Լավ արձագանք է ստացել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Հայ երիտասարդաց դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչության անդամ Արամ Մանուկյանը։ 

Ամեն երեկո հայերով հավաքվում են, ազգային-ազատագրական երգեր, պատգամներ են հնչեցնում՝ ներգրավելով նաև տարբեր քաղաքական գործիչների, որոնք ելույթներ են ունենում։ 

«Մենք շատ լավ գիտենք, որ մեր արածը որևէ բան չէ՝ ի համեմատ մեր զինվորների առօրյա զոհաբերության։ Սա մեր մասնակցությունն է, քաղաքական դաշտում մեր կռիվն է՝ որպես սփյուռքում գտնվող զինվորներ»,-նշել է նա։

Երիտասարդները պարբերաբար կոչ են անում սփյուռքի հայրենակիցներին շարունակական նվիրատվություններ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իրենց քաղաքական ձայնը բարձրացնել տարբեր միջոցներով և սոցցանցերում Արցախի ճանաչման համար հավաքական աշխատանքը շարունակել մեծ թափով։

--00--ԱԹ