Վարչապետի դիմումին ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն ասել է «ԱՅՈ» բոլոր կետերով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31,  24News 

Ռուբեն Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ի պատասխան ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա մեկնաբանության:

«Սթափության հորդոր Հայաստանից:

Վարչապետ Փաշինյանը, հիմք ընունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը, ՌԴ նախագահին դիմում է ուղղել՝ խնդրելով սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը։

ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, արձագանքելով վարչապետի դիմումին՝ վերահաստատել է ՌԴ դաշնակցային պարտավորությունները ՀՀ նկատմամբ, և վարչապետի նշած խորհրդակցությունները լինելու են։ Այսինքն, եթե ասենք պարզ՝ վարչապետի դիմումին ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն ասել է ԱՅՈ՝ բոլոր կետերով։

Բնականաբար, այս ամենը նախապես արվել է փոխադարձ համաձայնությամբ, և սա պետք է դիտարկել որպես կարևոր և հեռանկարային գործընթացների մեկնարկ՝ հրապարակային և ոչ հրապարակային դրսևորումներով։

Մեծարգո նախագահ,

Այս պատերազմը մեր ժողովրդի պատմության ամենակարևոր ու որոշիչ դրվագներից է։ Եթե կուզեք՝ ամենակարևորը։

Սա նախկինում ունեցած ամբիցիաների դրսևորման, նախկինում հնչեցրած կարծիքների ճշմարտացիության ապացուցման տեղը և պահը չէ։ Սա լրջանալու պահն է։ Հաղթանակ մեզ»,- գրել է նա։

--00--ԱԹ