ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է արել սերտ համագործակցել ԵԱՀԿ ՄԿ հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել առավել սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարրիկը:

«Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում բարեխղճորեն և հրատապ կերպով ձեռնարկել կոնկրետ քայլեր, որոնց մասին պայմանավորվել են ԵԱՀԿ Մնսկի խմբի համանախագահների հետ համատեղ, նաև կոչ է անում կատարել նախապես ստանձնած պարտավորությունները: Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել կառուցողական երկխոսությունը և ակտիվացնել ջանքերը՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հասնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Դյուժարիկը նշել է, որ Գուտերեշը լրջորեն մտահոգված է շարուակվող մարտական գործողությունների մասին ստացվող տվյալներով, որոնցից անմասն չի մնում նաև խաղաղ բնակչությունը:

«Նա դատապարտում է բոլոր նման հարձակումները և կրկնում, որ երկու կողմն էլ պարտավոր են միջազգային իրավունքի շրջանակներում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել՝ խաղաղ բնակչության պաշտպանության և կյանքերի պահպանման, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության համար»,- ընդգծել է նա:

--00--ԱԹ