Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելու հարցում Ռուսաստանը չեզոքություն չունի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ԼՂ հակամարտության շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին:

«Նախագահ Պուտինն ասել է, որ կողմերից որևէ մեկի կողքին չի լինելու: Ի՞նչ կասեք». այս հարցին Փաշինյանը պատասխանել է.

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է՝ միջնորդ երկիր է, և իր կարգավիճակի բերումով պետք է որոշակի չեզոքություն պահպանի: Եվ դա հասկանալի է:

«Հայաստանում հնչում են գնահատականներ, որ Ձեր՝ իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ կապը, որը նախկինում եղել է ավելի մտերիմ և դաշնակից Հայաստանի հետ, թուլացել է, որ Դուք ավելի կողմ եք եղել Արևմուտքին, և դա փոխել է վիճակը: Ինչպե՞ս եք արձագանքում այդ մեղադրանքին»,- հարց է ուղղում լրագրողը:

Ի պատասխան՝ վարչապետը նշում է.

«Գիտեք, դա անհեթեթ մեղադրանք է: Որովհետև Ռուսաստանը ինչպես եղել է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այնպես էլ շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելու հարցում Ռուսաստանը չեզոքություն չունի: Ռուսաստանի իշխանությունները և նախագահ Պուտինը մի քանի անգամ հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանն իր անվտանգային պարտավորությունները կկատարի:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին: Ղարաբաղի հարցում, ես արդեն ասացի, նախկինում էլ հենց Մինսկի խմբի ձևավորման օրից Ռուսաստանը եղել է համանախագահող երկիր, միջնորդ երկիր, և այդպիսով ունեցել է որոշակի չեզոքություն պահպանելու պարտավորություն: Եվ մինչև հիմա նրա այդ կարգավիճակը չի փոխվել»:

--00--ԱԹ