Թուրքական բարձրաստիճան զինվորականներն ընդգրկված են Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Թուրք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին։ Հարցազրույցի տեքստը ներկայացվում է ստորև.

Al Jazeera - Դուք խոսում եք փախստականների վերադարձի մասին՝ միայն Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից, Ադրբեջանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և ընդհարապես հակամարտության գոտու փախստականների վերադարձի մասին: Եվ սա բավական լուրջ նշաձողի իջեցում է: Այս նշաձողի իջեցման արդյունքում ձևավորվել էր փաստաթուղթ, որը, ըստ էության, համաձայնեցված էր արդեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Բայց Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց ընդունել այս փաստաթուղթը: Եվ այս պրոցեսը ցույց է տալիս, թե ինչու հարցը չի կարգավորվել: Որովհետև ամեն անգամ, երբ հայկական կողմը որոշակի ճկունություն է ցուցաբերում և նույնիսկ մի փոքր զիջում է իր դիրքերից, դա արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար:

Al Jazeera - Ի՞նչ հարաբերություններ ունեք Արևմուտքի հետ: Մարտական գործողությունների սկսելուց ի վեր Դուք ԱՄՆ նախագահի հետ չեք խոսել: Ձեր կարծիքով՝ դա որևէ բան մատնանշո՞ւմ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես խոսակցություններ եմ ունեցել և մշտական կապի մեջ եմ Ֆրանսիայի նախագահի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ, ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդականի հետ: Մենք ընդհանրապես այս ընթացքում աշխատում ենք, որպեսզի ներկայացնենք միջազգային հանրությանը տեղի ունեցողի էությունը:

Իսկ տեղի ունեցողի էությունը հետևյալն է, և մենք պետք է վստահաբար ասենք, որ առանց Թուրքիայի հրահրման այս պատերազմը չէր սկսվի և տեղի չէր ունենա: Եվ կրկին ուզում եմ արձանագրել, որ Թուրքիան, արդեն իսկ միջազգայնորեն ընդունված փաստի հիման վրա, վարձկանների և ահաբեկիչների է վարձել և տեղափոխել հակամարտության գոտի: Թուրքական բարձրաստիճան զինվորականներն ընդգրկված են Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ, թուրքական զինուժը և ռազմական տեխնիկան ընդգրկված է Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ և ցանկանում եմ ընդգծել, որ սա ամենևին պատահականություն չէ:

Սա, իմ գնահատմամբ, Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտումն է, և մենք տեսնում ենք Թուրքիայի քաղաքականությունը: Տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովում և Հարավային Կովկասում: Թուրքիան իրականացնում է Օսմանյան կայսրության վերականգնման քաղաքականություն: Եվ ես որևէ կասկած չունեմ, որ այն էքսպանսիան, որ հիմա փորձ է արվում իրականացնել դեպի Միջերկրական, Հարավային Կովկաս, Սիրիա, Իրաք, ամբողջ արաբական աշխարհը Թուրքիան դիտարկում է որպես պոտենցիալ Օսմանյան կայսրության հպատակ:

Եվ ես որևէ կասկած չունեմ, որ եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպան և արաբական աշխարհը պատշաճ գնահատական չտան այս իրավիճակին և պատշաճ չարձագանքեն այս իրավիճակին, մենք կտեսնենք Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հարավ: Եվ ուրախ եմ, որ կան բազմաթիվ արաբական երկրներ, ովքեր ճշգրիտ են գնահատում աշխարհաքաղաքական իրավիճակը և իրականացնում են անհրաժեշտ քաղաքական կանխարգելման, ռազմավարական կանխարգելման քայլեր:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ